09/12/2017 10:52
Հանրաքվեները վճռորոշ դերակատարություն ունեցան մեր հանրապետության կյանքում. Բակո Սահակյան
Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:
«Սիրելի՛ արցախցիներ,
Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:
1991 և 2006 թվականների դեկտեմբերի 10-ի հանրաքվեները վճռորոշ դերակատարություն ունեցան մեր հանրապետության կյանքում՝ ազդարարելով ժողովրդավարության ուղին բռնած մեր ժողովրդի հաստատուն կամքի և անսասան ոգու մասին:
Այս բոլոր տարիների ընթացքում Մայր Հայաստանի եւ սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ մենք կարողացանք հաղթահարել բոլոր դժվարություններն ու փորձությունները, պաշտպանեցինք մեր պետական անկախությունը և շարունակում ենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այն հետևողականորեն ամրապնդելու ու զարգացնելու ուղղությամբ:
Սույն թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն և Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը դարձան դրա վառ ապացույցները:
Նոր Մայր օրենքը մեր հանրապետությունում սահմանադրականության, ժողովրդավարական ինստիտուտների հետագա կայացման ու զորացման օբյեկտիվ վկայությունն է, որը կրկին փաստեց մեր ժողովրդի հավատարմությունը ազատ եւ քաղաքակիրթ երկիր կառուցելու գործին:
Թանկագի՛ն հայրենակիցներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ պետական այս կարևորագույն տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, երջանկություն ու բարօրություն Արցախի յուրաքանչյուր ընտանիքի», - ասված է ուղերձում: