11/12/2017 14:25
Ընտանեկան բռնությունների կանխարգելմանը վերաբերող օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկներ պատգամավորները չեն արել
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի առաջին ընդունումից հետո դրանում փոփոխություններ կատարելու մասին առաջարկ պատգամավորներից չի ստացվել, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը:
Թեև հանձնաժողովին առաջարկներ չէին ներկայացվել, բայց նիստին ներկա պատգամավորներն օրենքի վերաբերյալ իրենց հուզող հարցերը բարձրաձայնեցին: Մասնավորապես, ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը նշեց, որ պետք է հստակ հասկանալ, թե ինչպես է կիրառվելու օրենքն ու ինչ հետևանքներ է ունենալու:
«Մեր երկրի պատմության ընթացքում Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված օրենքների 99 տոկոսը հակասահմանադրական է ճանաչվել ոչ թե նրա համար, որ օրենքը վատն է, այլ նրա համար, որ այն սխալ է կիրառվել», - ասաց Կոստանյանը՝ նշելով, որ որքան էլ օրենքը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս, ամեն դեպքում այն լավ օրենք է, միտված է բռնության կանխարգելմանը ու նախականխմանը:
Օրենքի կյանքի կոչման հարցում Կոստանյանը նաև կարևորեց կառավարության դերը՝ նշելով, որ այն պետք լուրջ վերաբերի օրենքին:
Հիշեցնենք, որ օրենքն առաջին ընթերցմամբ ըդնունվել էր 73 կողմ, 12 դեմ և 6 ձեռնպահ ձայներով: Դրանում փոփոխություններ կատարելու առաջարկներով պատգամավորները կարող էին հանդես գալ մինչև այսօր, իսկ վաղը ԱԺ արտահերթ նիստի ընթացքում օրենքը կքննարկվի երկրորդ ընթերցմամբ: