11/12/2017 16:52
Արա Բաբլոյանը կարևորել է ՀՀ Ազգային ժողովի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա արդյունավետ համագործակցությունը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետտոյին:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
Արա Բաբլոյանը կարևորել է ՀՀ Ազգային ժողովի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա արդյունավետ համագործակցությունը:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, ընտանեկան բռնության դեմ պայքարի և այլ ոլորտներում ընթացող բարեփոխումներին:
Արա Բաբլոյանն ընդգծել է սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական կառավարման ձևին անցնելու կարևորությունը, կատարվելիք օրենսդրական փոփոխությունները, խորհրդարանի վերահսկողական գործառույթների ընդլայնումը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը, խոսելով խորհրդարանի գործունեության թափանցիկության մասին, ընդգծել է նաև օրինաստեղծ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցության, ինչպես նաև հանրության իրազեկվածության ապահովման կարևորությունը:
Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, կարևորել է ՀՀ Ազգային ժողովի մասնակցությունն այդ աշխատանքներում:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ շարունակվող համագործակցությունը: Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ ՀՀ Ազգային ժողովի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փոխգործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ:
Բրեդլի Բուզետտոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ: Պարոն Բուզետտոն նշել է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ՀՀ Ազգային ժողովի գործունեության արդյունավետությունն օրենսդրական և վերահսկողական տեսանկյունից:
Նա անդրադարձել է նաև ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացմանը, խորհրդարանի առանցքային գործառույթների իրականացման թափանցիկությանը, հաշվետվողականությանը, խորհրդարանական գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը:
Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի արձանագրած հաջողություններին, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների հզորացմանն ուղղված նախաձեռնություններին: