11/12/2017 16:44
Ես սպասել չեմ սիրում, կցանկանայի՝ այդ ամենը շուտ լիներ. դերասան Արմեն Մարգարյանը դարձավ 46 տարեկան
Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ Վաստակավոր արտիստ Արմեն Մարգարյանն այսօր նշում է ծննդյան 46 ամյակը: Aysor.am-ի հետ զրույցում դերասանը խոստովանեց՝ ծնունդն ու Ամանորն այն տոներն են, որոնք նախընտրում է անցկացնել տանը՝ ընկերների և հարազատների միջավայրում:
«Ճիշտ է, Երևանում հիմա քիչ ազգականներ ունեմ, մեծ ընկերական շրջապատիցս էլ մի քանիսն են մնացել այստեղ, բայց ինձ համար կարևոր օրերին միշտ կողքիս են լինում: Այս տարի առաջին անգամ ներկա չի լինի նաև եղբայրս, ով հիմա Հայաստանից բացակայում է», - նշեց դերասանը:
Հոբելյարի շնորհավորանքները սկսվել են դեռ կեսգիշերից, առաջին շնորհավորողներն են եղել մայրը, կինն ու որդիները: Հարցին՝ ծննդյան ո՞ր տարեդարձն է իր մեջ առավել տպավորվել, պատասխանեց.
«Մանկությանս տարիների ծննդյան օրերն եմ շատ սիրել, որովհետև կողքիս էին բոլոր հարազատներս՝ տատիկս ու պապիկս, հայրս, ով արդեն 20 տարի է՝ մեզ հետ չէ: Լինելով ավագ թոռնիկը՝ մեծերի ջերմ ու ուշադիր վերաբերմունքին էի արժանանում: Ցավոք, նրանց բացակայության հետ որոշ չափով նոսրացավ ու կաշկանդվեց նաև իմ ոգևորվածությունն ու ներքին ուրախությունը»:
46 ամյա դերասանը չի թաքցնում՝ տարիների ընթացքում ավելացող թվերն իրեն էլ են անհանգստացնում, թեև մշտապես զգացողություն ունի, թե ինքը 24 տարեկան է:
«Չգիտեմ՝ ինչու է այդպես, ի՞նչ հետաքրքիր իրադարձություններ են այդ տարիներին տեղի ունեցել, բայց 24-ն ինձ մոտ շատ է տպավորված, ինձ միշտ հենց այդ տարիքում եմ զգում: Չնայած՝ շրջապատում ինձ հաճախ են ասում, որ տարիներն իմ կողքով անտարբեր են անցել: Մինչև վերջերս «Պատվի համար» ներկայացման մեջ 19-20 տարեկան Սուրենին էի մարմնավորում, արտաքին տեսքս դա թույլ է տվել… Ինչ վերաբերում է թվերի ավելացմանը, ապա չեմ կարծում, թե այս աշխարհում ինչ-որ մեկը կա, ում այդ հանգամանքը չի անհանգստացնում: Հատկապես արտիստներին առաջինը հենց արտաքինն է անհարմարություն պատճառում՝ կնճիռներ են առաջանում, մազերը՝ նոսրանում», - ժպիտով ընդգծեց նա:
Արմեն Մարգարյանը դժգոհությամբ չի ճանապարհում իր 45 ամյակը. հասցրել է այդ մեկ տարվա մեջ նկարահանվել մի քանի ֆիլմերում, արժանացել է ՀՀ Վաստակավոր արտիստի կոչման, ներկայացել թատերական պրեմիերայով: Վստահեցնում է՝ ինքն այն մարդկանցից չէ, ովքեր հաշվարկներով են ապրում:
«Ընդհանրապես, վերջին տարիները գործնական առումով ինձ համար բավական բուռն են եղել: Շրջան է եղել՝ շունչ քաշելու ժամանակ չեմ ունեցել, ու ազատ ժամանակս փորձում եմ ընտանիքիս, երեխաներիս հետ անցկացնել՝ լրացնելով այդ բացը: Գիտեք, ես բնույթով անտարբեր մարդ չեմ, ինձ անհանգստացնում է ժողովրդի, մարդկանց վիճակը: Միշտ ինձ ամբողջության մեջ եմ տեսնում և ոչ թե առանձին: Ինձ համար ցավալի է տեսնել, որ մեր լավ, ուրախ ժողովուրդը կաշկանդված ու խեղճացած է թանկացումներից, ապրելակերպից», - հավելեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, դերասանն այսօր էլ նկարահանվում է միանգամից երկու ֆիլմերում. Արեն Վաթյանի «Հայր և որդի» պայմանական վերնագրով կարճամետրաժ ֆիլմը երկրաշարժի մասին է, Գոռ Վարդանյանն էլ բազմասերիանոց ֆիլմ է նկարում:
Ինքն իրեն ուղղված մաղթանքում ՀՀ Վաստակավոր արտիստը մեկ ցանկություն հայտնեց՝ մոտ ապագայում Հայաստանը տեսնել քաղաքակիրթ ու լավ վիճակում:
«Ես սպասել չեմ սիրում, կցանկանայի՝ այդ ամենը շուտ լիներ: Մենք մեծ քաղաքակրթություն ենք ունեցել, սակայն ռուսների շնորհիվ, գաղութացման պրոցեսում մեր երկիրը շատ բաներից զրկվեց: Որքան էլ ռուսները մեզ կովկասցի են ասում, ես համարում եմ, որ մենք եվրոպական արմատներ ունենք, այդ մշակույթի կրողն ենք, ու պետք է վերելք ապրենք: Չեմ ուզում ստիպված լինել հեռանալ այս երկրից, ուզում եմ երեխաներս հենց այստեղ լավ ապրեն, ապահովված լինեն, ապագա ունենան: Նաև՝ իմ մաղթանքն է ինձ, որ մայրս երկար ապրի: Տպավորություն է՝ մաղթանքներս ինձ չեն ուղղված, բայց դա այդպես չէ. երբ շուրջս ամեն ինչ լավ է, ես ինձ լավ եմ զգում, կարողանում եմ հանգիստ ապրել ու ստեղծագործել», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արմեն Մարգարյանը: