11/12/2017 14:10
Սպորտի նախարարն ու վարչապետի օգնականը գնացել են Կարեն Կարապետյանի հանձնարարականի հետքերով
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ՀՀ վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանն աշխատանքային շրջայցով եղել են ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան և ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքների բարեկարգված և պարզագույն մարզասարքերով համալրված բակերում:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից հայտնում են, որ Հ. Ռոստոմյանի և Ա. Վարդևանյանի առաջին կանգառը եղել է Աբովյանի քաղաքապետարանում, որտեղ նրանք հանդիպել են ՀՀ Կոտայքի մարզում բնակվող մարզիկների, տարբեր մարզաձևերի մարզիչների, մարզադպրոցների տնօրենների հետ, ծանոթացել նրանց հուզող հարցերին և առաջարկներին:
Այնուհետև շրջայցով եղել են «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» ՀՈԱԿ-ում, հետևել սաների մարզումներին, ծանոթացել մարզասրահների պայմաններին, որից հետո այցելել են Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանում գտնվող մարզական բակ:
Նախարար Հ. Ռոստոմյանը և վարչապետի ավագ օգնական Ա. Վարդևանյանը նույն օրը եղել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 5-րդ միկրոթաղամասի բազմաֆունկցիոնալ մարզական բակում, որտեղ ստեղծված պայմանները հնարավորություն են տալիս զբաղվելու ոչ միայն անհատական մարզումներով, այլև խաղային մարզաձևերով:
«Ծրագիրը շարունակական է, և սա աշխատանքների առաջին փուլն է միայն: Բակերում տեղադրված պարզագույն մարզական սարքերից կարող են օգտվել մանուկները և երիտասարդները, սակայն մենք ունենք հեռահար նպատակ՝ պայմաններ ստեղծել տարեցների՝ սպորտով զբաղվելու համար: Հասկանաի է, որ մեծահասակները զբաղվում են առավելապես նստակյաց մարզաձևերով: Հենց այդ ուղղությամբ էլ աշխատելու ենք», - ասել է Հրաչյա Ռոստոմյանը:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի «Բակային սպորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» № 34 արձանագրային որոշման իրագործման շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում բարեկարգվել և պարզագույն մարզասարքերով համալրվել են հիսունից ավելի բակեր, այդ թվում նաև՝ Աբովյան և Սևան քաղաքների բակերը: