12/12/2017 17:37
Հենրիխ Մխիթարյա՞ն, թե՞ Արթուր Ալեքսանյան. Հայաստանը կընտրի տարվա լավագույն մարզիկին. կարծիքներ
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անցկացնում է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթը։
Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2017 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 25-ը (ժամը 18:00-ը):
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության www.msy.am պաշտոնական կայքում տեղադրված է մրցույթին մասնակցող մարզիկների՝ այբենական կարգով դասավորված, անվանացանկը, որից անհրաժեշտ է ընտրել նախընտրած մարզիկի հերթական (անհատական) համարը և SMS հաղորդագրություն ուղարկել 10-06 կարճ համարին:
Քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը առայժմ չի ասում, թե ում օգտին է քվեարկելու, բայց խոստանում է՝ քվեարկությունից հետո անպայման կասի, թե ում օգտին է քվեարկել։
«Ես, որպես հանձնաժողովի նախագահ և փոխնախարար, թերևս, ձեռնպահ մնամ հայտարարելուց, թե ում օգտին եմ քվեարկելու: Խոստանում եմ քվեարկության ավարտից հետո անպայման ասել, թե ում եմ քվեարկել ու ինչի համար եմ քվեարկել։ Համենայնդեպս, այս տարի ացնկացվող քվեարկությունը, վստահաբար, բերելու է իսկապես 10 լավագույնների նախանշմանը և այնպիսի ցուցակ ենք ունենալու, որը ընկալելի է լինելու մեր հասարակության կողմից», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց փոխնախարարը։
Արսեն Քարամյանի խոսքով՝ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 27-ին Մարզահամերգային համալիրում։
«Նախնական վարկածով կսկսվի 16։00-ին, կտևի 2 ժամ, մեկ ժամ 15 րոպե կլինի հանդիսավոր մասը, պարգևատրումը, այնուհետև կլինի պաշտոնական ընդունելությունը: Միջոցառումը իր ներկայութամբ կպատվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը», - նշեց նա։
News.am կայքի մարզական լրագրող Վերա Մարտիրոսյանը չի մասնակցելու քվեարկությանը. պատճառները, նրա հիմնավորմամբ, շատ են։
«Չեմ մասնակցում, որովեհտև կոնկրետ լավագույն 10-ի հետ կապված ամեն տարի նույն թեման քննարկվել է՝ ոչ արդար, ոչ ադեկվատ ու գիտեմ մարզական շատ լրագրողներ, ովքեր ցանկացել են մասնակցել, բայց իրենց ասել են, որ Հենրիխ Մխիթարյանին տասնյակում չընդգրկեն, իսկ դա արդեն քվեարկություն չի, իսկ ինչն այդ ձև է անցկացվում, ես չեմ մասնակցում։ Այս տարի ձևաչափը փոխվել է, մի քիչ եվրատեսիլյան է, sms քվեարկություններ կան, բայց այդ ամեն ինչի մեջ ադեկվատություն չկա: Այն լրագրողներն էլ, ովքեր քվեարկում են, եթե իրենք անկեղծ, արդար լրագրողներ լինեին, այն հարցը, որ տարանջատվում է ֆուտբոլը կամ անձնական ամբիցիաներ են լինում, իրենք չէին համաձայնի։ Ուղղակի կուզենամ ավելացնել, որ նույն բանն էլ ֆուտբոլային քվեարկության մեջ է, արդեն որերորդ տարին լրագրողներն ընտրում են մի մարզչի, գործկոմը, որտեղ ֆուտբոլից հեռու մարդիկ են: Ընտրում են այլ մարդու և այդ քվեարկությունն էլ է ցույց տալիս, որ իրականում չկա արդար ու ճիշտ քվեարկություն», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վերա Մարտիրոսյանը։
Նրա կարծիքով՝ հանրությունը, նույնպես, ակտիվորեն չի մասնակցի քվեարկությանը։
«Սպորտի նկատմաբ վերաբերմունքը նվազել է ու ես չեմ հավատում, որ մարդիկ sms-ներ շատ կուղարկեն կամ կոգևորվեն, իսկ ես հավատում եմ, որ սա էլ կկեղծեն, եթե ինչ-որ մեկը պետք է լինի, ինքը կլինի», - նշեց News.am կայքի մարզական լրագրողը։
Facebook-յան օգտատեր Զոհրապ Եգանյանը, ով տարված է սպորտով, բացում է գաղտնիքն ու ասում, թե ում օգտնին է քվեարկելու։
«Ցուցակում բոլոր լավագույնները կան, բայց ես համարում եմ, որ տարվա մարզիկի տիտղոսին ավելի արժանին Արթուր Ալեքսանյանն է, մեր օլիմպիական չեմպիոնը, այս պահին նրան հավասարը, եթե բոլոր մարզաձևերում հաշվենք, չկա: Չկա մեկ այլ հայ, ով լինի բացարձակ առաջատարն իր ոլորտում ու աշխարհում, դա միայն Արթուր Ալեքսանյանն է», - ասաց նա։
Զոհրապ Եգանյանի դիտարկմամբ՝ Սպորտի նախարարության ընտրած քվեարկության այս տարբերակը շատ ողջունելի է։
«Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն առաջին անգամ է մասնակցելու Հայաստանի լավագույն 10 մարզիկների քվեարկությանը։
«Շատ ուրախ եմ, որ կարգը վերջապես փոխվեց, որովհետև նախկինում, կարծում եմ, շատ սուբյեկտիվ էր ու մշտապես առարկություններ էր առաջացնում հրապարակվող ցանկը, այս անգամ նախապես ծանոթացանք կարգին ու ընդգրկել ենք մեր մարզական երկու լրագրողներին ժյուրիի կազմում, որը որոշելու է տասը լավագույն մարզիկներին։ Բացի այդ, ինքս մտադիր եմ քվեարկել՝ հաշվի առնելով, որ, վերջապես, ընդգրկվել են նաև մի շարք այլ մարզաձևերի ներկայացուցիչներ, այդ թվում, նաև ֆուտբոլի: Իհարկե, մի փոքր տխրեցնում է, որ մեկ ֆուտբոլիստ է, բայց կարելի է նաև դրանով էլ ուրախանալ», - ասաց Դ. Ալավերդյանը։
«Մեդիամաքս»-ի գլխավոր խմբագիրը քվեարկելու է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի օգտին։
«Ես մտադիր եմ քվեարկել Հենրիխ Մխիթարյանի օգտին: Իհարկե, չեմ ուզում որևէ կերպ նսեմացնել մյուս մարզիկների ձեռքբերումները, որոնք հաճախ շատ անհասկանալի ու ուրիշ պայմաններում կարողանում են հաղթանակներ բերել Հայաստանին, այնուամենայնիվ, այս տարի որոշել եմ Հենրիխ Մխիթարյանին տալ ձայնս, որովհետև նա միակ հայ մարզիկն է, ով պատմության ընթացքում արժանացել է Եվրոպայի լիգայի մրցանակին, ինչպես նաև ևս երկու անգլիական մրցանակների այս տարվա ընթացքում ու այն մարզիկն է, ով գավաթը ստանալիս Հայաստանի դրոշով դուրս եկավ մարզադաշտ, ի տարբերություն բազմաթիվ մյուս ֆուտբլոիստների, որոնք չէին ցանկանում, երևի, ընդգծել իրենց ազգային պատկանելությունը: Իսկ Հենրիխը Հայաստանի դրոշով դուրս եկավ և, կարծում եմ, որ այս տարվա ընթացքում Հենրիխ Մխիթարյանը հսկայական աշխատանք է կատարել Հայաստան պետության ու հայ ազգի ճանաչելիությունը մեծացնելու ուղղությամբ։ Քվերակում եմ նրա օգտին նաև այն պարզ պատճառով, որ նա ունի մեր աջակցության կարիքը, և ուզում եմ այդ քվեարկությամբ ցույց տալ, որ մենք աջակցում ենք Հենրիխին, որ ինքը իր մարզական ու մարդկային դուխը չկորցնի», - ասաց Դավիթ Ալավերդյանը։
«Մեդիամքս»-ի գլխավոր խմբագիրը չի կարծում, որ այս անգամ կեղծիքներ կլինեն։
«Նախորդ քվեարկության ձևը բոլորովին այլ կերպ էր: Այս անգամ հրապարակվել է նախ 23 այն լրագրողների ցանկը, ովքեր դեկտեմբերի 25-ին ուղիղ եթերով քվեարկելու են, այսինքն՝ բոլորը տեսնելու են, թե ում են նրանք հռչակում 1-ից 10-րդ տեղը , ընթանում է sms քվեարկություն: Իհարկե, կարելի է ամեն ինչին կասկածով վերաբերվել, այնուամենայնիվ, այդ sms քվեարկությունը բավականին հեղինակավոր ընկերության է տրվել: Մենք հարցազրույց ենք արել և մեզ վստահեցրել են, որ աշխատելու է պրոֆեսիոնալների թիմ, որը վերջում ամփոփելու է տվյալները. ձայների 50 տոկոսը գալու է քվեարկած լրագրողներից, մնացած 50 տոկոսը՝ sms-ներից», - ասաց նա։
Դավիթ Ալավերդյանը նշեց, թե մարզիկների ցանկում կուզեր տեսնել նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելիի անունը։
«Պիզելիին կուզեի տեսնել այս ցանկում, գուցե դա իմ սուբյեկտիվ ցանկությունն է, բայց միշտ ուրախանում եմ, որ ինքը, լինելով ազգությամբ ոչ հայ, այդքան նվիրված է մեր հավաքականին, կուզեի տեսնել նրան այս ցանկում, երևի թե, ընդգծելու մեր հարգանքն ու սերն իր նկատմամբ: Նաև կուզեի բասկետբոլի թիմից որևէ մեկը, թեկուզ, առաջատարը ընդգրկված լիներ, որովհետև այս տարին առանձնացավ նաև բասկետբոլի վերակենդանանալով: Մենք պարծանքի պահեր ապրեցինք, երբ որ մեր հավաքականը հաղթում էր այլ երկրների հավաքակններին, որոնք ստատուսով ավելի ուժեղ են: Այնպես որ, կարծում եմ, արդար կլիներ, եթե լինեին իմ ասած մարդիկ, ինչպես նաև մինի ֆուտբոլի մեր ներկայացուցիչները կուզեի ընդգրկված լինեին», - ընդգծեց Դ. Ալավերդյանը: