13/12/2017 11:46
Ասիական զարգացման բանկից նոր՝ 40 մլն դոլար վարկ վերցնելու մասին համաձայնագիրը խորհրդարանը վավերացրեց
Այսօր խորհրդարանը՝ 61 կողմ, 37 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:
Նախագծին դեմ էին ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները: Ասիական զարգացման բանկից նոր՝ 40 մլն ԱՄՆ դոլար վարկը կվերցվի կոալիցիոն ուժերի՝ Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունների համաձայնությամբ:
Ավելի վաղ Aysor.am-ը ներկայացրել էր այս նախագծի մասին. գումարի չափը լինելու է 40 մլն ԱՄՆ դոլար, մարման վերջնաժամկետը՝ մինչև 2031 թվականը ներառյալ: Վճարումները, ըստ կառավարության ներկայացուցչի, կատարվելու են 24 մասով՝ 2020 թվականից սկսած:
«Կառավարությունը պետք է ջանքեր գործադրի, որ մինչև 2017 թվականի ավարտը վարկը ներգրավի: Մարման ժամկետը 15 տարի՝ 3 տարին արտոնյալ», - նախագիծը ներկայացնելիս ասել էր Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը: