13/12/2017 12:54
Մենք ուզում ենք լավ ապրել, բայց դրա համար քիչ աշխատել, այդպես չի լինում. Վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը պնդում է՝ հնարավոր չէ քիչ աշխատելով լավ ապրել։
«Մենք ուզում ենք լավ ապրել, բայց դրա համար քիչ աշխատել, այդպես չի լինում», - Արմավիրում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
ՀՀ վարչապետի խոսքով՝ իրեն անհանգստացնում են Հայաստանում աղքատության ցուցանիշները։
«Աղքատության ցուցանիշները, իհարկե, անհանգստացնում են։ Դուք հաստատ տեսնելու եք, թե ոնց ենք այդ ցուցանիշը կառավարելու և նվազեցնելու, կառավարության ամբողջ գործունեությունը դրան է ուղղած», - ասաց Կ. Կարապետյանը։
«Բազմիցս ասել եմ, որ կառավարության հաշվետվությունն ունի ձև, ամբողջ աշխարհի կառավարություններն էդպես են բացատրում, որքան է ՀՆԱ-ն, արտահանումը աճել, ներմուծումն աճել, առևտուրը և այլն: Այս տարի մենք ավարտելու ենք շատ ավելի բարձր ցուցանիշերով, քան՝ կանխատեսել ենք», - ասաց նա՝ շեշտելով, որ այս ամենը չի լուծելու բոլոր խնդիրները:
«Լուծո՞ւմ է արդյոք այդ ցուցանիշը մեր բոլոր խնդիրները, ոչ: Եթե նույնիսկ դրանից կրկնապատիկ անգամ ավելի ցուցանիշ բռնենք, բոլոր խնդիրները չեն լուծվում: Երկիր գոյություն չունի, որ ամենաբարձր աճի տեմպերով էլ գնա, բոլոր խնդիրները լուծվեն», - ընդգծեց ՀՀ վարչապետը։
Կզգա՞ արդյոք աճը շարքային քաղաքացին, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Շարքային քաղաքացիների մի մասը զգում է, մի մասը` ոչ։ Ով չի զգում դա, արտահայտում է, ով զգում է՝ ոչ: Սա է ճանապարհը, եթե դուք այլ ճանապարհ գիտեք, հուշեք մեզ»: