13/12/2017 11:22
Նալբանդյանը վերահաստատել է, որ 2018-ի գարունը Երևանը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ելույթ ունենալով Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում, անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, ներկայացրել այդ առնչությամբ Երևանի մոտեցումը:
Նա նշել է, որ Հայաստանի նախագահը նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009 թ. հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը:
«Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին արձանագրությունների տառին և ոգուն: Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի նախագահը սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների», - ասել է Նալբանդյանը: