13/12/2017 11:28
Հայաստանը պատրաստ է շարունակել ԼՂ հարցով բանակցությունները երեք սկզբունքի հիման վրա. Նալբանդյան
Անկասկած ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի գլխավոր առաջնայնությունների շարքում է, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում:
«Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, դեկտեմբերի 6-ին հանդիպում ունեցա իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ. սա մեր վեցերորդ հանդիպումն էր մեկ տարվա ընթացքում և տևեց ավելի քան չորս ժամ: Ընդհանուր առմամբ այն անցավ դրական մթնոլորտում: Սակայն, հանդիպումից հետո ես նշեցի, որ տեսնենք, թե զարգացումներ կլինեն դրանից հետո: Ինչո՞ւ: Քանի որ այս տարվա հոկտեմբերին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած վերջին գագաթաժողովը նույնպես ընդհանուր առմամբ անցել էր դրական մթնոլորտում, սակայն դրանից անմիջապես հետո Ադրբեջանը վերադարձավ իր ավանդական անհիմն մեղադրանքներին և ռազմական հռետորաբանությանը», - նշել է Է.Նալբանդյանը:
Նրա խոսքով, միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, պատվիրակությունների ղեկավարները հայտարարություն ընդունեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
«Հայաստանը պատրաստ էր միանալ այդ հայտարարությանը, սակայն Ադրբեջանը հրաժարվեց և արդյունքում մեզ չհաջողվեց ընդունել Հայաստանի, Ադրբեջանի և համանախագահների համատեղ հայտարարություն: Սա բազմիցս է կրկնվել ԵԱՀԿ նախարարական հանդիպումների շրջանակներում», - նշել է ՀՀ արտգործնախարարը:
Է.Նալբանդյանն ընդգծել է, որ համանախագահների հայտարարությունը հերթական անգամ վերահաստատեց միջազգային իրավունքի երեք սկզբունքները, որոնք ընկած են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում: Դրանք են` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժաղովուրդրների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը:
«Այս սկզբունքները հակամարտության կարգավորման տարրերի հետ մեկտեղ մշակվել են համանախագահների կողմից որպես մեկ ամբողջություն: 2009 թվականի դեկտեմբերին այստեղ` Աթենքում, կայացած նախարարական համաժողովի ժամանակ ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունները, ներառյալ Ադրբեջանը, հավանություն են տվել դրանց: Սակայն, դրանից ի վեր Ադրբեջանը հետքայլ է կատարել և հրաժարվում է վերահաստատել դրանք: Հայաստանը բազմիցս հայտարարել է իր պատրաստակամության մասին շարունակել բանակցություններն այդ սկզբունքների և տարրերի հիման վրա` ուղղված հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը», - նշել է նա:
«Համանախագահների հայտարարությունը վկայակոչում էր հոկտեմբերի 16-ին Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովը, որը կայացավ ամենաբարձր մակարդակով՝ հանդիպումների տասնվեց ամիս տևած դադարից հետո: Մոտ չորս տարվա ընդմիջումից հետո, Ժնևի գագաթաժողովին առաջին անգամ հնարավոր եղավ, թեկուզ և բավական հակիրճ, համատեղ հայտարարություն ընդունել: Այս համատեղ հայտարարությունն արտացոլում էր այն, ինչ երկար ժամանակ կոչ է անում Հայաստանը. լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու նպատակով: Այս քայլերը ներկայացվել են 2016թ.-ի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին արված հայտարարություններում և դրանք շարունակաբար մերժվել են Ադրբեջանի կողմից», - ասել է Է.Նալբանդյանը: