13/12/2017 11:39
Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը ծրագրված է հունվարի երկրորդ կեսին. Երևանի տրամադրվածությունը կառուցողական է
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ելույթ ունենալով Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում, վերահաստատել է Հայաստանի հաստատակամ հանձնառությունը ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնված համանախագահների առաջարկների վրա:
«Բանակցային գործընթացն այլընտրանք չունի», - ընդգծել է նախարարը:
Նա նշել է, որ համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակելու միջնորդական առաքելությունը կողմերին ներկայացված աշխատանքային առաջարկությունների փոխզիջումների շուրջ:
«Այս առաջարկները հայտնի են և արտացոլված են համանախագահ երկրների նախագահների` 2009 թվականից ի վեր արված հինգ հայտարարություններում: Այդ առաջարկությունների առանցքը փաթեթային լուծումն է, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական կարգավիճակի որոշումն Արցախի ժողովրդի` իրավական պարտադիր ուժ ունեցող կամաարտահայտության միջոցով», - ասել է Է.Նալբանդյանը:
Նրա խոսքով, ակնհայտ է, որ այն, ինչ առաջարկվել է համանախագահների կողմից և ինչին սատարվում է Հայաստանը, մերժվում է Ադրբեջանի կողմից, և սա է խաղաղ գործընթացի առաջխաղացումը խոչընդոտող հիմնական պատճառը:
«Համանախագահների նախաձեռնությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունվարի երկրորդ կեսին կազմակերպելու արտաքին գործերի նախարարների հանդիպում: Ինչպես միշտ մենք նման հանդիպումներին գնում ենք կառուցողական տրամադրվածությամբ», - նշել է Է.Նալբանդյանը:
Նրա խոսքով, եթե Բաքուն հետևի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին և կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, ապա դա ճանապարհ կհարթի խաղաղության գործընթացն առաջ մղելու և ստատուս քվոն փոխելու համար: