13/12/2017 12:43
Երկրում լուրջ թանկացումներ են սպասվում. Խորհրդարանը ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունները
Այսօր Ազգային ժողովը 61 կողմ և 35 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հարկայինի օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը:
Նախագծին դեմ էին ԱԺ Ելք և Ծառուկյան խմբակցությունները:
ԱԺ փոխնախագահ, Ծառուկյան խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ նման օրենքների նախագծերի նկատմամբ պետք է ցուցաբերել հետևողականություն ու 5-6 ամիսը մեկ փոփոխություններ չներկայացնել խորհրդարան:
«Ձեռնարկատերերը, բիզնեսմենները չեն կարող աշխատել փոփոխությունների տիրույթում», - հայտարարեց Մելքումյանը:
«Սա այն հարկային օրենսգիրքն է, որն ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից և որի ուժի մեջ մտնելուց հետո երկրում լուրջ թանկացումներ են սպասվում, և հարկային բեռը քաղաքացիների համար ավելանում է: Սա է պատճառը, որ Ելք դաշինքը դեմ է քվեարկել այս հարկային փաթեթին», - իր հերթին նախագծի վերաբերյալ հայտարարեց Ելք խմբակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը: