13/12/2017 14:10
ԱՄՆ-ն պահանջում է ՄԱԿ-ի բյուջեն կրճատել 250 մլն դոլարով
Միացյալ Նահանգները պահանջում է ՄԱԿ-ից 2018-2019թթ. բյուջեն կրճատել 250 մլն դոլարով: Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով AFP-ին:
Նշվում է, որ կրճատումները, որոնք վերաբերելու են Պաղեստինում, Լիբիայում և Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելություններին, կարող են հանգեցնել կազմակերպության զարգացման ծրագրերի ու նոր աշխատակիցների վարձման դադարեցմանը, ինչպես նաև ՄԱԿ-ի աշխատակազմի աշխատավարձերի կրճատմանը:
Այսպես՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են ֆինանսավորումն առնվազն 170 մլն դոլարով կրճատել:
Նշենք, որ ՄԱԿ-ի 2018-2019թթ. բյուջեն պետք է հաստատվի մինչև տարեվերջ: Կազմակերպությունն իր ծախսերի համար 5.45 մլրդ դոլար է պահանջում, ինչը 200 մլն դոլարով քիչ է 2016-2017թթ. բյուջեի գումարից:
ՄԱԿ-ի բյուջեն ձևավորվում է անդամ պետությունների վճարների արդյունքում: Յուրաքանչյուր երկիր վճարում է գումարը՝ ելնելով ՀՆԱ-ի, արտաքին պարտքի ու բնակչության մեկ շնչին բաժին ընկնող եկամտի չափի ցուցանիշներից:
Այսօրվա դրությամբ՝ ՄԱԿ-ի շրջանակում ամենախոշոր գումար վճարող երկիրն ԱՄՆ-ն է: