13/12/2017 19:39
Աբրահամ Խաշմանյանը կշարունակի գլխավորել «Ալաշկերտը». պայմանագիրը երկարաձգվեց
«Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանի հետ հանդիպումից հետո թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկարաձգել է ակումբի հետ ավարտված պայմանագրի ժամկետը մինչև 2019-ի օգոստոսի 1-ը:
Հանդիպումից հետո ակումբի մամուլի ծառայությունից զրուցել են 50-ամյա մասնագետի հետ:
«Այսօր հանդիպում ունեցանք ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ, քննարկեցինք մեր հետագա անելիքները: Բովանդակալից քննարկման արդյունքում որոշեցինք շարունակել համագործակցությունը և երկարաձգել պայմանագիրը: Պետք է էլ ավելի հզորացնենք մեր թիմը և հաջողություններ արձանագրենք Հայաստանում և Եվրոպական մրցասպարեզում:
Մարզչական շտաբում փոփոխություններ չկան, իսկ ահա կազմում փոփոխություններ կլինեն: Լինելով պրոֆեսիոնալներ` քննարկել ենք նաև մեր աշխատանքի բացասական կողմերը: Այդպիսին էր այս տարի Գյումրիում տեղի ունեցած միջադեպը: Վերլուծելով այդ միջադեպը, կարող եմ ասել, որ չպետք է տրվեի էմոցիաներին, պետք է ավելի զուսպ լինեի և չտրվեի սադրանքներին` իմանալով, որ նմանատիպ միջադեպի հետևանքով կարող եմ որակազրկվել տևական ժամանակով: Կարգապահական կոմիտեն որակազրկեց ինձ 10 խաղով: Ընդունելով պատիժը՝ հայտնում եմ իմ ներողամտությունը: Այդ դրվագի պատճառով տուժեցի ոչ միայն ես, այլև իմ ֆուտբոլիստներն ու ամբողջ ակումբը: Պետք է բացառենք նման դեպքերն ապագայում:
Ինչ վերաբերվում է Կարագանդայի «Շախտյորի» հետաքրքրությանը, ապա իմ անունը կա այդ ակումբի մարզչի թեկնածուների «շորթ-լիստում», սակայն բանակցություն ղազախական ակումբի հետ ես չեմ վարել: Հայ մարզիչների նկատմամբ հետաքրքրությունը արտասահմանյան ակումբերի կողմից դրական փաստ է մեր ֆուտբոլի համար, սակայն իմ բոլոր մտքերը կապված են «Ալաշկերտի» հետ», - նշել է Խաշմանյանը:
Ավելի վաղ ակումբից հայտնել էին, որ «Ալաշկերտ» ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ գործող պայմանագիրը։
Դեկտեմբերի 2-ին լրացել են «Ալաշկերտի» մարզչական շտաբի պայմանագրերի ժամկետներն ակումբի հետ:
Բացի Խաշմանյանից, «Ալաշկերտ» ակումբի ղեկավարությունը որոշում էր կայացրել չերկարաձգել նաև մարզիչ Աշոտ Գրիգորյանի պայմանագիրը:
Նշենք, որ ավելի վաղ Aysor.am-ի հետ հարցազրույցում «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանը հայտարարել էր, որ «հնարավոր է, Աբրահամը մնա, հնարավոր է՝ չմնա»։
Աբրահամ Խաշմանյանն ու ու Աշոտ Գրիգորյանը մտադրություն ունեին կարիերան շարունակելու Կարագանդայի «Շախտյորում»։