13/12/2017 17:20
Ազգային կինոկենտրոնի գեղխորհրդի անդամներին ստիպում են «ստորացուցիչ պարտավորագիր» ստորագրել. մեկնաբանում է Արսեն Բաղդասարյանը
Տեղեկություն է տարածվել, թե Ազգային կինոկենտրոնի գեղարվեստական խորհրդի անդամներին «ստիպում են ստորացուցիչ պարտավորագիր ստորագրել», ինչը գեղխորհրդի անդամներին զրկելու է խոսքի կամ կարծիք հայտնելու իրավունքից:
Ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար, ֆիլմ-հանձնակատար Արսեն Բաղդասարյանը մեկնաբանում է.
«Այսօր Գեղխորդի անդամների հետ քննարկմանը որոշվեց, որ չբացահայտված տեղեկությունը չհրապարակելու մասին նշված պարտավորագիրը վերաբերելու է ֆիլմերի հայտերն ընդունող տեխնիկական անձնակազմի անդամներին: Ընդունված հայտի գաղտնիության վերաբերյալ պարտավորագիրը քաղաքակիրթ աշխարհում ընդունված ձևաչափ է, որովհետև հայտը՝ թվեր, մի շարք տեղեկություններ պարունակող բիզնես ծրագիր է նաև, որի «գաղտնազերծումը» կարող է լուրջ խնդիրներ առաջացնել՝ ինչպես հայտըն ընդունողի, տվյալ դեպքում, Ազգային կինոկենտրոնի, այնպես էլ հայտի հեղինակի համար: Քանի որ մեզանում նման պարտավորագրի ստորագրման փորձը նոր է կիրառվում, փաստաթուղթը ներկայացվել է գեղխորհրդի անդամներին՝ նրանց կարծիքը լսելու ակնկալիքով»:
Ինչ վերաբերում է պետական աջակցությամբ նկարահանվելիք ֆիլմերի հայտերն ընդունելու և հաստատելու կարգին, ձևաչափը հետևյալն է.
«Հայտն ընդունելուց հետո տեխնիկական անձնակազմը որոշում է, թե որքանով է այն համապատասխանում սահմանված չափորոշիչներին: Չբավարարելու դեպքում նրանք հայտատուի հետ աշխատում են, հնարավորության դեպքում օգնում՝ շտկելու թերությունները: Եթե հայտը համապատասխանում է ընդունված տեխնիկական չափորոշիչներին, ապա հեղինակի անունը հանվում է, և անանուն հայտն ուղարկվում է Գեղխորհրդի քննարկմանը: Վերջինը կարծիք է հայտնում միայն ներկայացված հայտի գեղարվեստական չափորոշիչների վերաբերյալ՝ առանց իմանալու, թե ում կողմից է ներկայացված հայտը: Հաստատված հայտերի ցանկը հրապարակվում է Ազգային կինոկենտրոնի պաշտոնական կայքէջում»:
Դիտարկմանը, թե գեղխորհրդի անդամն էլ կարող է, օրինակ, նկարել սցենարն ու տարածել կամ օգտագործել՝ վերը նշված վնասը հասցնելով հայտատուին և Կինոկենտրոնին, Արսեն Բաղդասարյանի պատասխանն է.
«Տեխնիկական անձնակազմը ընդունում է միայն այն հայտերը, որոնցում ներկայացված սցենարները գրանցված են համապատասխան հեղինակային իրավունքով: Իսկ այդ իրավունքը պաշտպանված է օրենքով»: