14/12/2017 12:49
Հայաստանը դադարեցնում է Իրանի հետ բանակցությունները. ռուսները կապ չունեն. վստահեցնում է ջրպետկոմի նախագահը
Կառավարությունն այսօր հաստատեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կարիքների համար գնման պայմանագրի դադարեցնելու մասին որոշման նախագիծը:
Կնքված պայմանագրի շրջանակներում կատարվել են ՀՀ Սյունիքի մարզում Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը:
Քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջև՝ նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար:
Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել:
«Պայմանագրի՝ ընդհանուր 12,2 միլիոն աշխատանք է նախատեսված, որի հիմնականը՝ ինն ու կես միլիոնի աշխատանքը շինարարը ավարտել է, և քանի որ իրանական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են և այս տարի չեն ավարտվելու, ստիպված մենք պայմանագիրը ավարտում ենք, որ շինարարը տույժ-տուգանքների տակ չընկնի: Բանակցություններն իրանական կողմի հետ շարունակվում են, ռուս սահմանապահները որևէ կապ չունեն այս ամենի հետ», - նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Նա նշեց, որ ռուսական կողմը Հայաստանի հետ միասին բանակցություններ է վարում իրանական կողմի հետ:
Դիտարկմանը, թե նախագծի հիմնավորման մեջ գրված է, որ խնդիրը ռուսական սահմանապահների հետ է և նրանք համաձայնություն չեն տալիս, Արսեն Հարւթյունյանը նշեց, որ վրիպակ է եղել:
«Ռուսական սահմանապահների հետ մենք բանակցում են իրանական կողմի հետ, եթե իրանական կողմը համաձայնություն չի տալիս, նշանակում է, որ թելը կտրվում է: Մենք ռուսական կողմի հետ որևէ խնդիր չունենք», - ասաց նա:
Ջրպետկոմի նախագահն ընդգդծեց, որ ափապաշտպան աշխատանքների արդյունքում գետի հունը փոխվում է և իրանական կողմը ունի առարկություններ, քանի որ գետը թեքվում է դեպի Հայաստանի կողմը:
«Իրանական կողմը հարց է բարձրացել և հիմա քննարկումներ են ընթանում, խոսքը 40 մետրի մասին է», - ասաց նա:
Դիտարկմանը՝ նշված է, որ բանակցություններ դադարեցվել են, Ա. Հարությունյանն արձագանքեց. «Դադարեցնում ենք բանակցությունները, քանի որ շինարարը տույժ-տուգանքի տակ է ընկնում, մենք պարտավոր ենք նրա կենսագրությունը մաքուր պահել, քանի որ շինարարի պատճառով չէ, որ աշխատանքները դադարեցվում են: Ժամանակավոր աշխատանքները դադարեցվում են»:
Արսեն Հարությունյանը նշեց, որ ռուսական կողմը հանդես է գալիս ՀՀ-ի հետ:
«Ռուսական կողմի հանձնարարությունը ընդհանրապես կապ չունի, և չի կարող չհամաձայնվել, ձայնի իրավունք չունի և որոշում ընդունողը հայկական և իրանական կողմերն են», - ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու են այդ դեպքում ռուսական սահմանապահները մասնակցում բանակցություններին, նա ասաց, թե ռուսական կողմն է սահմանը պահում: Ըստ նրա՝ դա ինքնիշխանության իրավունքի ոտնահարում չէ: