14/12/2017 13:51
Ինչպե՞ս է ընտրվելու Հայաստանի նոր նախագահը և որքա՞ն ժամանակով
2015 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ ընդունված նոր Սահմանադրությունը Հայաստանի նախագահի ընտրության նոր կարգ է սահմանում:
Մասնավորապես, Սահմանադրության 124-րդ հոդվածը նախատեսում է Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը և նրան ներկայացվող պահանջները.
1. Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով:
2. Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
3. Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:
4. Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք:
5. Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:
Ինչպե՞ս է կատարվում ՀՀ նախագահի ընտրությունը հարցին պատասխանում է Սահմանադրության 125-րդ հոդվածը.
1. Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից:
2. Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:
3. Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:
4. Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
5. Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:
6. Հանրապետության նախագահի ընտրության կարգի մանրամասները սահմանվում են Ազգային ժողովի կանոնակարգով:
Սահմանադրության 127-րդ հոդվածի համաձայն Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը:
ՀՀ գործող նախագահի լիազորություններն ավարտվում են 2018 թվականի ապրիլի 9-ին: