14/12/2017 19:22
«Ալաշկերտից» 5 ֆուտբոլիստ է հեռացել. Հնարավոր է ֆուտբոլիստներ հրավիրվեն Բրազիլիայից. Բագրատ Նավոյան
«Ալաշկերտի» ղեկավարությունն ակումբի հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանի գլխավորությամբ մեկնել է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաք, որտեղ դեկտեմբերի 15-ին հանդիպում կունենա հանրահայտ «Բոտաֆոգո» ակումբի ղեկավարության հետ:
«Ալաշկերտն» ու «Բոտաֆոգոն» համագործակցության պաշտոնական պայմանավորվածություն են ձեռք բերել:
«Ալաշկերտի» ղեկավարը խոսել է ակումբի ծրագրերի մասին:
-Պարոն Նավոյան, ի՞նչ նպատակ ունի Ձեր այցը Բրազիլիա:
-Ինչպես հայտնի է, այս տարվա օգոստոսին համագործակցության պայմանավորվածություն էինք ձեռք բերել բրազիլական «Բոտաֆոգո» ակումբի հետ: Մեկնում ենք Բրազիլիա «Բոտաֆոգո» ակումբի ղեկավարության հրավերով` տեղում համագործակցության կետերն ավելի մանրակրկիտ քննարկելու նպատակով:
Միևնույն ժամանակ, ցանկանում ենք պայմանավորվածություն ձեռք բերել հունվարին Բրազիլիայում ուսումնամարզական հավաք անցկացնելու կապակցությամբ: Եթե բանակցությունները հաջող ընթացք ունենան, ստուգողական հանդիպում կանցկացնենք նաև «Բոտաֆոգոյի» հետ` իրենց մարզադաշտում:
-Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «Ալաշկերտի» կազմում և ի՞նչ փոփոխություններ են սպասվում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
-Երկկողմանի համաձայնությամբ խզել ենք պայմանագրերը Կարեն Մուրադյանի, Զավեն Բադոյանի, Դարկո Տոֆիլոսկու, Նորայր Ասլանյանի և Լեստեր Պելտիերի հետ: Չի բացառվում, որ թիմից էլի հեռացողներ կլինեն:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում ենք համալրվել բարձրակարգ ֆուտբոլիստներով և ուժեղացնել բոլոր խաղային դիրքերը: Հնարավոր է, որ ֆուտբոլիստներ հրավիրենք նաև Բրազիլիայից:
-Ի՞նչ ծրագրեր ունի «Ալաշկերտը» նախապատրաստական փուլի ընթացքում:
-Նախատեսված են երկու ուսումնամարզական հավաքներ արտերկրում: Կարող եմ ասել, որ երկրորդ հավաքը կկայանա փետրվարի 10-23 Անթալիայում: Հրավեր ունենք ԱՄՆ-ից` այնտեղ հունվարի 20-ից փետրվարի 2-ը ուսումնամարզական հավաք անցկացնելու համար: Սակայն, Բրազիլիայի տարբերակը ֆուտբոլային տեսանկյունից մեր համար ավելի նախընտրելի է: Շուտով այդ հարցն էլ կհստակեցվի: