14/12/2017 21:38
Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ անփոփոխ է. Տիգրան Բալայան
Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ անփոփոխ է, Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։
«Վերջին անգամ մեր դիրքորոշումն արտահատվել էր Աթենքում ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի ելույթում։ Ինչ վերաբերում է մնացած հարցերին՝ տարածաշրջանի, այդ թվում ԼՂ խնդրի հետ կապված, ապա Թուրքիան պետք է հեռու մնա, նա այստեղ անելիք չունի», - նշեց Տ.Բալայանը։
Այսօր Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, որ Անկարան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանն ուղղված դիրքորոշումը և պատրաստ է բարենպաստ քաղաքական մթնոլորտում վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ելույթ ունենալով Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում, հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի նախագահը սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների:
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահը դեռևս սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին իր ելույթում հայտարարել էր, որ հայ-թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ։