14/12/2017 18:18
Հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար կարևոր է Հարավային Կովկասում ապահովել բարենպաստ քաղաքական մթնոլորտ և խաղաղություն. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանն ուղղված դիրքորոշումը և պատրաստ է բարենպաստ քաղաքական մթնոլորտում վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, նշվում է Թուրքիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости գործակալությունը:
«Հայկական կողմի պնդումները չեն արտացոլում իրականությունը և ուղղված են ապակողմնորոշելու միջազգային հանրությանը: Թուրքիան ջանքեր է գործադրում տարբեր մակարդակներում Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ՝ 1991 թվականին Հայաստանի անկախության հռչակման պահից սկսած: Չնայած հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի բացասական դիրքորոշմանը՝ Թուրքիան կողմնակից է դրանց հիմնական դրույթների իրականացմանը:
Այդ արձանագրությունները նախկինի նման այժմ գտնվում են Թուրքիայի խորհրդարանի արտաքին հրաբերությունների հարցերով հանձնաժողովի օրակարգում: Դրանք վավերացնելու համար կարևոր է Հարավային Կովկասում ապահովել բարենպաստ քաղաքական մթնոլորտ և խաղաղություն», - նշվում է Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ելույթ ունենալով Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում, հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի նախագահը սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների:
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահը դեռևս սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին իր ելույթում հայտարարել էր, որ հայ-թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ։ «Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների», - նշել էր ՀՀ նախագահը։