14/12/2017 17:18
Ահաբեկչության նախապատրաստման գործ. ԱՄՆ դեսպանատունն աշխատում է ՀՀ իրավապահների հետ
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը աշխատում է Հայաստանի իրավապահների հետ ՀՀ տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեղադրանքով ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացու հետախուզման առնչությամբ:
Aysor.am-ի հարցմանն ի պատասխան Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից փոխանցեցին. «Այս գործի հետ կապված մենք աշխատում ենք Հայաստանի իրավապահների հետ: Քննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկություններ չենք կարող տրամադրել»:
Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով տարածել է ՀՀ իրավապահ և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու և այդ եղանակով համընդհանուր վախի մթնոլորտ ձևավորելու ուղղակի կոչեր: