14/12/2017 17:31
Արգենտինայից հրավիրված մարզչական խումբը կորդինացնելու է Հայաստանի մանկապատանեկան հավաքակաների աշխատանքը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով Հայաստան էր ժամանել արգենտինացի մարզիչների խումբ:
ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի հետ արգենտինացի մարզիչները քննարկել են մեր ֆուտբոլի առկա խնդիրները, կազմել ապագա ծրագրերը: ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը եւ արգենտինացի մարզիչ Ֆերնանդո Արիել Բատիստան ներկայացրել են կատարված աշխատանքը:
«Ֆեդերացիայի նախագահի նախաձեռնությամբ Արգենտինայից հրավիրել ենք մարզչական խումբ: Քննարկումների արդյունքում արդեն որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել: Իրենք կորդինացնելու են մեր մանկապատանեկան հավաքակաների աշխատանքը, հիմնականում էլ աշխատելու են եւ մեր մինչև 19 եւ 17 տարեկանների հավաքականների հետ: Ինպես գիտեք, 2019 թվականին Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչը կայանալու է Հայաստանում, մեր հավաքականը մասնակցելու է այդ մրցաշարին եւ արգենտինացի մասնագետների աշխատանքը հիմնականում այդ թիմի հետ է կապված լինելու, ինչպես նաեւ 17 տարեկաննների հավաքականի հետ՝ որպես առաջնային ռեզերվ»,-ասել է Վարդան Մինասյանը, հայտնում են ՀՖՖ-ից։
«Մարզչական աշխատանքով զբաղվում եմ արդեն 17 տարի: Մինչ այդ պրոֆեսիանալ ֆուտբոլիստի կարիերա եմ ունեցել. հանդես եմ եկել արգենտինական «Բոկա Խունիորս» եւ «Ուրական» թիմերում: Մարզչական կարիերայի ընթացքում աշխատել եմ հիմնականում մանկապատանեկան թիմերում, այդ թվում Արգենտինայի երիտասարդական հավաքականում: Վերջին 3 տարիների ընթացքում աշխատել եմ Ճապոնիայում, զբաղվել եմ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմամբ: Շատ եմ սիրում երեխաների, պատանիների հետ աշխատանքը եւ իմ նախկին սաներից մի քանիսն արդեն հանդես են գալիս անգլիական թիմերում՝ «Տոտենհեմում», «Չելսիում», իսպանական «Ատլետիկոյում»։
Հայաստանից ստացել ենք շատ գայթակղիչ ու հեռանկարային մի ծրագրի առաջարկ: Հիմա մենք այն ուսումնասիրում ենք, քննարկում տեղում: Այս ծրագիրը շատ մեծ զարգացում է ապահովելու հայկական ֆուտբոլին: Աշխատելու ենք գրեթե բոլոր տարիքային հավաքականների հետ, մեր փորձը, արգենտինական ֆուտբոլի յուրահատկություններն ենք փորձելու ներարկել հայկական ֆուտբոլին: Հայաստանում կան անհրաժեշտ պայմաններ ֆուտբոլի զարգացման համար: Մեր առաջնային նպատակներից է, որ ունենանք հաջողություններ նախ պատանեկան հավաքականների մակարդակով. տարբեր տարիքային հավաքականներ իրավունք նվաճեն մասնակցելու Եվրոպայի, աշխարհի եզրափակիչ մրցաշարերին: Բնականաբար հետագայում այդ սերունդն արդեն կարող է հաջողությունների հասնել ազգային հավաքականի մակարդակով: Տեղյակ եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի, ինչպես նաեւ հայ երկրպագուների երազանքն է Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությունը Եվրոպայի, Աշխարհի եզրափակիչ առաջնություններին եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ օգնենք այդ երազանքն իրականություն դարձնելու: Հավանաբար 2018 թվականի սկզբին կվերադառնանք Հայաստան մեր մշակած ծրագրով: Այստեղ այն կլրամշակենք, կհարմարեցնենք տեղի պայմաններին եւ կսկսենք իրագործել՝ հույս ունենալով հասնելու մեծագույն բարձունքների»,- ասել է Ֆերնանդո Արիել Բատիստիան։
«Բավական քննարկումներ ենք ունեցել: Իրենց եմ ներկայացրել մեր ֆուտբոլի զարգացման փիլիսոփայությունը, որը մշակել ենք արդեն եւ այն գործում է վերջին 5 ամիսների ընթացում: Գտնում եմ, որ մենք ունենք ազգային առանձնահատկություններ, մենթալիտետ, ուժեղ եւ թույլ կողմեր եւ եթե ինչ-որ բան ենք անում, ապա պետք է հենվենք հենց այդ հատկությունների վրա, չշեղվենք: Նախկինում Հայաստանում աշխատել են հոլանդացի, իսպանացի մասնագետներ, որոնք մեծ օգուտ են տվել մեր ֆուտբոլին: Հիմա ուղղակի ցանկանում ենք այլեւս չշեղվել մեր ընտրած ուղուց: Կարծում եմ լավ ստացվեց, որովհետեւ այն ինչ մենք ցույց ենք տվել արգենտինացի մասնագետներին գրեթե 90- 95 տոկոսով համընկեց իրենց մտածելակերպին: Նախնական պայմանավորվածության համաձայն արգենտինացի մասնագետները իրենց պարտականությունների կատարմանն են անցնելու 2018 թվականի փետրվարի 1-ից»,-նշել է Վ. Մինասյանը։