14/12/2017 18:11
Ինչպե՞ս Հարութ Փամբուկչյանի «Իմ կյանքը» երգը դարձավ ֆիլմի սաունդթրեք. Մանրամասնում է երգչի պրոդյուսերը
ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանի կատարմամբ «Իմ կյանքը» երգն արդեն տեսահոլովակ ունի: Այն դարձել է օրերս Հանրային հեռուստաընկերությամբ մեկնարկած «Բացիր աչքերդ» բազմասերիանոց ֆիլմի սաունդթրեքը: Խոսքերի հեղինակը Համո Սահյանն է, երաժշտությունը գրել է Նարեկ Դուրյանը:
««Բացիր աչքերդ» նախագծի գլխավոր պրոդյուսեր Արման Միտոյանը զանգահարեց և առաջարկեց, որպեսզի թույլ տանք Հարութ Փամբուկչյանի կատարած «Իմ կյանքը» երգը այդ սերիալի սաունդթրեք լինի: Նույն պահին ինձ մոտ միտք առաջացավ, որ ոչ միայն որպես լեյտմոտիվ՝ տարբեր սերիաներում ու տարբեր դրվագների ժամանակ ուղղակի երաժշտությունը հնչի, այլ՝ ունենա տեսահոլովակ: Այս միտքն Արմանին էլ ավելի դուր եկավ և Հարութի հետ քննարկման արդյունքում համաձայնության եկանք և անցանք գործի», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց երգչի հայաստանյան պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը:
Ի դեպ, թեև երգին Հարութ Փամբուկչյանը կյանք է տվել 2013 թվականին, սակայն Նարեկ Դուրյանն այս երգի նախնական տարբերակը մի սկավառակով վաղուց էր փոխանցել երգչին:
«Հարութը, մեկ օր պատահական լսելով, որոշում է անհապաղ այն լույս աշխարհ բերել, ու իր որոշման մեջ չսխալվեց. հանճարեղ Համո Սահյանի խոսքերով, տաղանդավոր Նարեկ Դուրյանի երաժշտությամբ ու Հարութ Փամբուկչյանի անկրկնելի կատարմամբ այս ստեղծագործությունը մեծ արձագանք գտավ ու որպես երգ սիրվեց մարդկանց կողմից: Այն լույս տեսավ 2013 թվականին, սակայն, կարծես, ամեն օր նոր լինի», - նշեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե ինչո՞ւ մինչ այսօր երգը տեսահոլովակ չուներ, պրոդյուսերը պատասխանեց.
«Անկեղծ ասած՝ մենք շատ էինք մտածում, թե ինչ որակի և ինչ մասշտաբի տեսահոլովակ նկարահանենք: Սակայն տարածությունն ու ժամանակի սղությունը անընդհատ հետաձգում էին այս գործը: Ճիշտ է՝ գործնական տարբեր առիթներով Հարութը հաճախ էր Երևան այցելում, սակայն՝ քիչ ժամանակով: Բայց դե, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և եղավ այն, ինչ եղավ՝ հանկարծակի որոշում և շատ արագ տեսահոլովակի իրականացում: Ամեն դեպքում, այս համագործակցությունից ես գոհ եմ։ Հարութն ինձ շատ է վստահում, ու իմ կարճ բացատրությունից հետո՝ միանգամից համաձայնեց: Նման վստահության համար շնորհակալ եմ իրեն»:
Ճանաչված երաժիշտներն առավել շատ միտված են ֆիլերի սաունդթրեքներով հանդես գալ՝ խուսափելով սերիալներից: Դիտարկմանը՝ արդյոք այն հնգամանքը, որ «Բացիր աչքերդ»-ը սերիալային նախագիծ է, չի անհանգստացրել երգչին ու նրա պրոդյուսերին, Խ. Եղոյանը նկատեց.
«Եթե անկեղծ, ինքս էլ շատ եմ խուսափում անորակ սերիալներից: Իրականում, հավատացեք՝ սերիալները վատ բան չեն: Երբ ծանոթացա դերասանական կազմին, սցենարին, իմացա, թե ովքեր են իրականացնողները՝ ռեժիսոր Արտյոմ Հարությունյան, պրոդյուսեր Արման Միտոյան, շատ հանգիստ էի ու մտահոգվելու պատճառ չունեի: Այդ ամենը փոխանցեցի Հարութ Փամբուկչյանին: Արդեն մի քանի սերիա դիտել եմ և չեմ փոշմանել, լավ է»:
Հարութ Փամբուկչյանի հայաստանյան հերթական այցելությունը նախատեսված է տարեսկզբին: Պրոդյուսերի վստահեցմամբ՝ երգիչը գործնական բազմաթիվ առաջարկներ ունի, սակայն առաջնահերթությունը տալիս է նախապես ծրագրած նախագծերին:
«Առաջարկները շատ-շատ են, հավատացեք, սակայն մենք դեռ մեր կողմից մտածված նախագծերի իրականացման մասին ենք մտածում, ամեն բան իր ժամանակին կլինի, Աստծո կամոք, ամենն էլ պիտի իրականանա։ Ինչ վերաբերում է հայաստանյան առաջիկա այցելությանը, ապա արդեն իսկ փետրվարին մեկ-երկու առաջարկներ կան, ինչի շրջանակում հաստատ կլինի Հայաստանում», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Խաչիկ Եղոյանը: