14/12/2017 21:09
Մշակութի նախարարը, առաջին տիկինն ու ԱՄՆ և ՌԴ դեսպանները հաջողություն են մաղթել Տիգրան Մանսուրյանին ու Կոնստանտին Օրբելյանին «Գրեմմի» մրցանակաբաշխությունում
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում հանդիպեցին «Գրեմմի» 60-րդ մրցանակաբաշխության հայազգի հավակնորդներն ու նրանց համակիրները:
«Գրեմմի» 2018-ին են առաջադրվել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ու դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը: Կոմպոզիտորի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը միանգամից երկու անվանակարգերում է ներկայացվել՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»: Իսկ Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին առաջադրվել են «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում:
Մեծանուն արվեստագետներին հեղինակավոր մրցանակաբաշխության շրջանակներում հաջողություն մաղթելու էին եկել ոչ միայն արվեստագետներ, այլև քաղաքական գործիչներ և Հայաստանում մի շարք երկրների դեսպաններ։ Հյուրերի թվում էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի ներկայացուցիչը և այլք:
«Այսօր բացառիկ առիթ է, որ մեր սրտի խոսքն ու ջերմությունը, մեր խոնարհումն ու հարգանքը փոխանցենք մեր երկու սիրելի մաեստրոներին՝ Տիգրան Մանսուրյանին և Կոնստանտին Օրբելյանին: Մարդիկ, ովքեր ճակատագրի բերումով ծնվել են արտասահմանում, բայց գիտակցության և հոգու կանչով վերադարձել են հայրենիք՝ ստեղծելու և արարելու երաժշտության հրաշքը: Ուսումնասիրելով «Գրեմմի»-ի պատմությունը՝ պարզեցի, որ տասնյակ մեր հայրենակիցներ տարբեր ժամանակներում և՛ նոմինացվել են, և՛ ստացել են «Գրեմմի», - ասաց Արմեն Ամիրյանը:
Նախարարը հույս հայտնեց, որ կգա մի օր, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգային սրահում միասնական ծրագրով հանդես կգան «Գրեմմի»-ի արժանացած հայ երաժիշտները:
Կոնստանտին Օրբելյանը խոստովանեց՝ կրկնակի ուրախ է այն հանգամանքի համար, որ Հայաստանից ընտրվել է մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ում հետ միասին, հնարավոր է, առիթ ունենան բարձրացնելու հայկական դրոշը:
Տիգրան Մանսուրյանն էլ իր հերթին գովեստի խոսքեր հնչեցրեց Կ. Օրբելյանի հասցեին՝ ընդգծելով.
«Նա Հայաստան գալով՝ իր հետ բերեց իրեն ուղղված պարգևը, որն, այնուամենայնիվ, բոլորինս է լինելու: Ես ներկայացվել եմ «Գրեմմի»-ի նաև 2004 թվականին, սակայն չստացա: Գերադասելի է, որ այս տարի այդ հաղթանակն իրական դառնա»:
Ե՛վ Տիգրան Մանսուրյանը, և՛ Կոնստանտին Օրբելյանն իրենց խոսքում առանձնահատուկ հիշատակեցին Դմիտրի Խվորոստովսկու անունը, նշելով, որ հռչակավոր օպերային երգիչն անհամբեր էր սպասում այս ալբոմի հաջողությանը:
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ժամանակից մի փոքր առաջ ընկնելով՝ այս հանդիպումն ու սպասվող հաղթանակը Սուրբ Ծննդյան նվեր համարեց:
«Հարգարժան այս այրերը տարբեր մշակույթների կրողն են եղել՝ ամերիկյան, ռուսական, և, իհարկե, հայկական: Նրանք ներկայացնում են այս երեք հզոր մշակույթները, և անչափ ուրախ եմ, որ ձայնագրությունների ակադեմիան նրանց առաջադրել է որպես մրցանակի հավակնորդներ: Լիահույս ենք, որ հունվարի 28-ին կրկին առիթ կունենանք հավաքվել այստեղ ու միասին տոնել Ձեր հաղթանակը», - նշեց դեսպանը:
ՌԴ դեսպանի ներկայացուցիչը, փոխանցելով նրա խոսքն, ասաց. «Ուրախ եմ ողջունել այն հանգամանքը, որ Հայաստանի և Ռուսաստանի կայացած արտիստները առաջադրվել են միջազգային հեղինակավոր այս մրցանակաբաշխությանը: Դարերի ընթացքում մշակույթը միավորող դեր է խաղացել երկրների և ազգերի համար, հանդես է եկել որպես ամբողջացնող կամուրջ՝ դառնալով համաշխարհային արժեք»:
Իվան Վոլինկինը կարևորել է Կոնստանտին Օրբելյանի և Դմիտրի Խվորոստովսկու համագործակցությունը, ափսոսանք հայտնելով, որ ռուս մեծագույն երգիչն այլևս մեզ հետ չէ: Դեսպանը հատուկ ընդգծել էր նաև այն հանգամանքը, որ հայ մեծանուն կոմպոզիտորի «Ռեքվիեմ»-ը առաջադրվել է միանգամից երկու անվանակարգերում: Ստեղծագործություն, որը ստեղծվել է 10 տարվա ընթացքում և նվիրված է Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության զոհերի հիշատակին: Օր, որը հնարավոր չէ մոռանալ, որն իր ազդեցությունն է թողել ամբող հայ ազգի ճակատագրի վրա։
«Գրեմմի» 60-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Նյու Յորքում՝ 2018 թվականի հունվարի 28-ին: Կտրելով խորհրդանշական տորթը՝ բոլորը հույս հայտնեցի, որ մրցանակաբաշխության հոբելյանական հաղթողների շարքում տեղ կգտնեն հայ երաժիշտները: