15/12/2017 11:57
Եվրամիությունը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները
Եվրամիության անդամ երկրների ղեկավարները նախօրեին Բրյուսելում կայացած նիստում քաղաքական որոշում են ընդունել երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է 2018 թվականի հունվարի վերջին, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է РИА Новости-ն:
«ԵՄ-ն միաձյան հանդես Է գալիս Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների երկարաձգման օգտին», - գրել է Տուսկը Twitter-ում:
Այժմ պահանջվում Է ԵՄ-ի խորհրդի կողմից պատժամիջոցներին հավանություն տալու տեխնիկական ընթացակարգը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր գործակալության աղբյուրը, որը մոտ է կանգնած ԵՄ-ի ղեկավարությանը, այդ որոշումն սպասվում է հաջորդ շաբաթ: Պատժամիջոցներն, ըստ ԵՄ-ի ներկայացուցիչների տեղեկատվության, կերկարաձգվեն կես տարով՝ առանց փոփոխությունների: Եվրամիությունը Ռուսաստանի դեմ տնտեսական սահմանափակող միջոցներ է մտցրել 2014 թվականի ամռանն Ուկրաինայի հակամարտության ֆոնին և ավելի ուշ ընդլայնել է դրանք: