14/12/2017 23:16
Պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ապագայում կբացառվեն հակառակորդի ոչ միայն դիվերսիաներն, այլև՝ մյուս գործողությունները. Սերժ Սարգսյան
Հակառակորդի կողմից դիվերսիաների հնարավորության մինիմալացումը կապված է այն սարքավորումների տեղադրման հետ, որոնք հիմա կան շփման գծում, այսօր «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ես ամբողջովին կիսում եմ այն կարծիքը, որ դիվերսիաների հնարավորության մինիմալիզացումը, իհարկե, կապված է այն սարքավորումների տեղադրման հետ, որ հիմա ունենք շփման գծում: Եթե հիշում եք, տևական ժամանակ առաջ, ես նկատի ունեմ սարքավորումներ տեղադրելուց հետո, երկու-երեք փորձեր եղան, այդ փորձերը ձախողվեցին մեծ կորուստներով, և արդյունքը եղավ այն, որ հիմա, իրոք, դիվերսիաներ անցկացնելու հնարավորությունը նվազել է», - ասել է ՀՀ նախագահը:
Նա վստահեցրել է` ապագայում կբացառվեն հակառակորդի այլ գործողություններ ևս.
«Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա հենց անվանման մեջ է մեր խնդիրը. Պաշտպանական բանակ, այսինքն՝ մեր արևելյան սահմանների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների պաշտպանությունն արդյունավետ իրականացնել: Չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, բայց հավատացած եղեք, որ մենք ունենք կոնկրետ ծրագրեր, որոնք կբացառեն այլ գործողություններ ևս: Երբ մենք ասում էինք՝ ծրագիր ունենք և դիվերսիաները կբացառվեն շատերը կասկած էին հայտնում: Հիմա ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ տեսանելի ապագայում կբացառվեն այլ գործողություններ ևս»,- ամփոփեց Սերժ Սարգսյանը: