15/12/2017 11:41
ԼՂ հակամարտության հարցում ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը հակասող Լատվիայի հայտարարություններն անընդունելի են. Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը և Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 14-ին հանդիպել է Լատվիայի ԱԳՆ պետական քարտուղար Անդրեյ Պիլդեգովիչի հետ, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Հանդիպմանը ներկա է եղել Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լատվիական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու Եվրամիության հետ Հայաստանի շարունակական փոխգործակցությանն առնչվող հարցեր:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ընդգծելով, որ այն նոր էջ է բացում ՀՀ-ԵՄ հարաբերությունների պատմության մեջ: Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես հայտարարել է, որ ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը երկրի առաջնային ուղղություններից է:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովն անընդունելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի փակումը՝ ընդգծելով, որ այդ պետությունը հետքայլ է կատարել Ցյուրիխյան արձանագրություններից և նախապայմաններ է դնում հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչը ևս անընդունելի է:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ ՀՀ տեսակետն այս հարցում համահունչ է ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը:
«Ինչպես Մինսկի խումբը, Եվրամիությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորման կողմնակից է՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա, մինչդեռ Ադրբեջանը, աղավաղելով իրականությունը, փորձեր է անում առանձնացնել տարածքային ամբողջականությունը: Տարակուսելի ու անհասկանալի է, որ ԵՄ անդամ որոշ երկրներ, այդ թվում Լատվիան, Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության հռչակագիր են ստորագրել, որտեղ երեք հայտնի սկզբունքներից առանձնացվում է տարածքային ամբողջականությունը: Սա հակասում է թե՛ Մինսկի խմբի, թե՛ ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը, որը ևս մեկ անգամ հաստատեց ԵՄ-ն նոյեմբերի 24-ին»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: