15/12/2017 14:41
Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումն անբեկանելի է. Էդուարդ Շարմազանով
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության այցը Լատվիա: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը և Սուրեն Մանուկյանը:
Դեկտեմբերի 15-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպել են Լատվիայի խորհրդարանի եվրոպական հարցերով կոմիտեի նախագահ Լոլիտա Չիգանի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու քաղաքական երկխոսությունը ԵՄ երկրների հետ: Անդրադառնալով նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նա նշել է, որ փաստաթուղթն ուղենշում է ՀՀ-ԵՄ փոխգործակցության նշանակալի զարգացումներն ու քայլերը՝ հավաստելով, որ Հայաստանը շարունակելու է ընթանալ ժողովրդավարության զարգացման ուղիով: ՀՀ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Լատվիան սեղմ ժամկետում կվավերացնի համաձայնագիրը:
Խոսելով ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման մասին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը վերահաստատել է հայկական կողմի՝ հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու դիրքորոշումը և ավելացրել.
«Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումն անբեկանելի է»:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում խորհրդարանականների փոխգործակցությանը:
Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը նշել է.
«ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ակնկալում ենք լատվիական կողմի հավասարակշռված դիրքորոշումը, որը չի հակասի Մինսկի խմբի և Եվրամիության պաշտոնական դիրքորոշմանը»:
Հանդիպմանը ներկա է եղել Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: