14/12/2017 23:10
ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին դադարեցնելու պահանջներում չկա ռացիոնալություն. Սարգսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ ռացիոնալություն չի տեսնում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին դադարեցնելու պահանջներում։
«Բացարձակապես ռացիոնալություն չեմ տեսնում: Ես այստեղ տեսնում եմ ուղղակի որոշակի շահերին ծառայելու ցանկություն կամ որոշակի համոզվածություն, որը գալիս է նյութին մինչև վերջ չտիրապետելուց, բայց եթե իրոք նրանք համոզված են՝ կարող են լուրջ փաստարկներ բերել, ես որևէ լուրջ փաստարկ չեմ լսել», - ասել է Ս.Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Դիտարկմանը, որ հունվարի մեկից 900 ապրանք կարող է թանկանալ, նախագահը պատասխանել է, որ դա էական ազդեցություն չի կարող ունենալ։
«Դրանք էական ազդեցություն չեն կարող ունենալ ո՛չ թռիչքային գնաճերի առումով, և ոչ էլ տնտեսությանը խոչընդոտելու առումով: Ես դա ենթադրաբար չեմ ասում, երբ մենք 2015 թվականից սկսեցինք արդեն լիարժեք անդամակցել այդ կառույցին, մի քանի հազար ապրանքատեսակների գծով փոխվեցին դրույքաչափերը և ի՞նչ, մեր երկրում եղա՞վ թռիչքաձև գնաճ, իհարկե՝ չեղավ, ուրեմն հիմա էլ ազդեցությունը մեծ չէ և այդ ազդեցությունը նաև փոխհատուցվում է այլ ապրաքատեսակների մասով՝ ավելի էժան գներով, և, կարծում եմ, այստեղ հավասարակշռված մոտեցում ունենք և այդ մոտեցումը բերում է նրան, որ օրինակ 2016 թվականին մեր երկրում, ընդհակառակը, գնանկում տեղի ունեցավ: Սա էլ փաստ է, որ չեն կարող ժխտել և այսօր էլ մենք շոշափելի գնաճ չունենք», - ասել է Ս.Սարգսյանը։