15/12/2017 13:19
Մնջախաղի թատրոնի նորամուտը հետաձգվում է. Ժիրայր Դադասյան
2017 թվականի փետրվարի 15-ից ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով Երևանի Մնջախաղի պետական թատրոնը 43 տարվա անհասցե դեգերումներից հետո հիմնական հասցե ու շենք ունեցավ: Հայաստանի Ազգային գրապալատի տարածքը տրվեց Մնջախաղի պետական թատրոնին:
Սակայն, բացի այն, որ տարածքը վերանորոգման լուրջ կարիք ուներ, նաև պետք է համապատասխանեցվեր թատերական միջավայրին:
Տարեսկզբին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարը նշել էր՝ շենքի վերանորոգման աշխատանքներն անպայման այս տարի կսկսվեն, նորամուտն էլ կլինի կա՛մ տարեվերջին, կա՛մ 2018-ի սկզբին:
Քանի որ տարին արդեն մոտենում է ավարտին՝ ազդարարելով նախարարի նշած ժամկետները, Aysor.am-ը Ժիրայր Դադասյանից հետաքրքրվեց՝ ո՞ր փուլում են գտնվում վերանորոգման աշխատանքներն ու արդյոք առաջիկայում կլինի նորամուտը:
«Ճիշտ է, նախարարը ժամկետներ էր նշել, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ նախագծային աշխատանքները երկար են տևում: Այդ աշխատանքներն արդեն ավարտվել են, եկող տարվա սկզբից կտրվի շինարարության մրցույթի մեկնարկը, կընտրվի շինարարը, գարնանն էլ կսկսենք շինարարությունը: Մեր հաշվարկով՝ այն կտևի մոտ 6-7 ամիս, կավարտենք, հավանաբար, աշնանը», - տեղեկացրեց Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարը: