18/12/2017 16:53
Ներկայացվել է Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մասին գիրքը
Հրատարակվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմությունն ամբողջացնող գիրքը:
Գրքում հանգամանորեն ներկայացված է թատրոնի հիմնադրման նախապատմությունը, հիմնադիրների և արտիստների կենսագրությունները: Աշխատությունն առանձնանում է թատրոնի հարուստ պատմությունը ներկայացնող լուսանկարներով: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային դասարանի ուժերով իրականացված դասական երկերի բարձրարվեստ բեմադրություններին (1929-1932 թթ.) և անվանի մտավորականների հորդորներով տարբեր քաղաքներից Երևան ժամանած երգիչների և երաժիշտների խմբին, ինչը Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի ստեղծման հիմնաքարը դարձավ:
«Անչափ ուրախ ենք, որ Beeline–ի հետ ձևավորված համագործակցության արդյունքում արդեն մեր ձեռքին է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի պատմությունն ամբողջացնող հատորյակը: Սա մեր թատրոնի 85-րդ հոբելյանական թատերաշրջանի լավագույն նվերն է: Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր իրադարձության առթիվ: Մենք պարտավոր ենք հիշել ու փառաբանել Հայաստանում օպերային և բալետային արվեստները տասնամյակներ շարունակ զարգացրած, աշխարհին լավագույնս ներկայացրած բոլոր անձանց, իսկ այս գիրքն էլ ամբողջապես այդ նպատակին պետք է ծառայի»,- նշեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:
«Ինչպես գիտեք, Beeline-ը միշտ բարձր է գնահատել պատմությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու նշանակությունը։ Իսկ Օպերայի և բալետի թատրոնի կայացումը Հայաստանի մշակութային պատմության կարևորագույն մասն է։ Այս գիրքը միաժամանակ նշանավոր արվեստագետներին հարգանքի տուրք է և երիտասարդների համար ոգեշնչման և գիտելիքների աղբյուր», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հանդիսավոր միջոցառման մասնակցել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, գրքի հեղինակ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը, Հ. Պզարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը և ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն Աննա Ասատրյանը։
Նշենք, որ ծավալուն աշխատությունը տպագրվել է Beeline-ի աջակցությամբ: Գրքի տպագրությունն իրականացվել է «Լուսակն» հրատարակչությունում։ Գիրքը լույս է տեսել 500 տպաքանակով: