18/12/2017 19:11
Իրանը և Ռուսաստանը երկաթուղային վագոնների արտադրություն են սկսում
Իրանը և Ռուսաստանը երկաթուղային վագոնների արտադրության պարտավորագիր են կնքել, լրագրողներին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Աբաս Ահունդին, փոխանցում է РИА Новости-ն:
«Իրանի և ՌԴ-ի միջև պարտավորագիր է ստորագրվել գնացքների համար վագոնների արտադրություն սկսելու վերաբերյալ»,- հայտնել է Ահունդին՝ Թեհրանում ելույթ ունենալով տրանսպորտային խորհրդաժողովի շրջանակներում:
«20 հազար բեռնատար և հազար մարդատար վագոն կարտադրվի ռուսական ու իրանական ընկերությունների համագործակցության շրջանակներում», - նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ պարտավորագրի ստորագրումից անմիջապես հետո արտադրվելու է 6 հազար վագոն: Իրանական ԶԼՄ-ները մարտին հայտնել էին, որ ռուսական «Միավորված վագոնային ընկերությունը» (ՄՎԸ) իրանական երեք ընկերությունների հետ պայմանավորվել է Իրանին մատակարարումներ իրականացնելու և երկաթուղային վագոնների հավաքման շուրջ: Պլանավորվում էր, որ իրանական ընկերությունները կարտադրեն վագոնների կորպուսներ, իսկ ՄՎԸ-ն կմատակարարի անիվներ ու արգելակման համակարգեր: