18/12/2017 13:54
Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի աջակցությունը ԼՂ հակամարտության հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին. Նալբանդյան (Տեսանյութ)
25 տարի առաջ հիմք դրվեց Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև գործընկերությանը և այս տարիների ընթացքում մեր փոխգործակցությունն աճել է ու համալրվել նոր բովանդակությամբ, այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերի հետ հանդիպումից հետո լրագրողների համար հայտարարությունում ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Ձեր այցլությունը լավ հնարավորություն է՝ ամփոփելու անցած ճանապարհն ու նախանշելու հետագա համագործակցության ուղիները», - դիմելով Ռ. Գյոթեմյուլլերին՝ ասաց Էդվարդ Նալբանդյանը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու պարբերական շփումների շարունակականությունը։
«Գոհունակությամբ արձանագրեցինք, որ հաջողությամբ սկսվել է իրականացվել Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների թվով հինգերորդ ծրագիրը», - ասաց ՀՀ արտգործնախարարը՝ նշելով, որ ընդգծվել է նաև Հայաստանում ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամի գործունեության պրակտիկ իրականացման կարևորությունը։
Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ Հայաստանը շարունակում է իր ներդրումն ունենալ միջազգային խաղաղապահ ջանքերում՝ անվտանգության սպառողից վերածվելով անվտանգության մատակարարի:
«Մեր երկիրն ինքն ունենալով անվտանգության լուրջ մարտահրավերներ՝ իր նպաստն է բերում աշխարհի այլ կետերում անվտանգության և կայունության պահպանմանն ու ամրապնդման գործին։ Տիկին Գյոթեմյուլլերին ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։ Մենք կարևորում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և մոտեցումներին», - ասաց ՀՀ արտգործնախարարը։