18/12/2017 17:16
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարելի թողնել միայն քաղաքական գործիչներին. թուրք գրող Բիրգյուլ Օղուզը Հայաստանում է
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի հրավերով դեկտեմբերի 16-18-ը եռօրյա այցով Երևանում է գտնվում թուրքական ժամանակակից գրականության դեմքերից Բիրգյուլ Օղուզը: Այցելության առիթը նրա «Հա՛հ» վեպ- պատմվածաշարի հայերեն հրատարակությունն է:
Թուրք կին գրողին միջազգային ճանաչում բերած և տասնյակ լեզուներով թարգմանված այս գործն արժանացել է Եվրամիության Գրական մրցանակին: Հայ ընթերցողին հասանելի է դարձել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքի կարգավորման գործընթացին» ծրագրի Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող ենթադրամաշնորհային բաղադրամասի շրջանակներում:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Բիրգյուլ Օղուզը նկատեց՝ սիրում է այն գրականությունը, որտեղ աշխարհը նորովի մեկնաբանելու համարձակություն կա: Հայ գրողների հետ գրական կապերի և հայկական գրականությանը ծանոթ լինելու մասին հարցին՝ պատասխանեց.
«Արևելահայերեն գրականությունից թուրքերեն թարգմանությունները սակավաթիվ են: Իհարկե, կան որոշ ստեղծագործություններ, որոնք թարգմանվել են, սակայն որքան հասկացել եմ, շատ դեպքերում այդ թարգմանությունների տարածման հետ խնդիրներ են լինում: Հայերեն գրքերը փոքր հրատարակչատներում են տպվում և այդպես էլ մնում են այնտեղ: Միայն երկու տարի առաջ հայ ընկերներիցս մեկի՝ Արմեն Օհանյանի շնորհիվ իմ առջև բացվեց արևելահայերեն գրականության աշխարհը: Հիմնականում ընթերցում եմ անգլերեն թարգմանություններ՝ փորձելով քիչ թե շատ պատկերացում կազմել: Հայ ժողովուրդը 5-րդ դարից այս կողմ գրավոր գրականության պատմություն ունի, բնականաբար, ո՞վ չի ուզի այդ ծովի մեջ գոնե անգամ մտնել»:
Թուրք գրողը վստահ է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարելի թողնվել միայն քաղաքական գործիչներին, պետք է բոլորը լծվեն հարաբերությունների կառուցմանը, այդ թվում և մտավորականները, քանի որ լեզուն հզոր երևույթ է:
Անդրադառնալով գրքի անվանը՝ հեղինակը նկատեց՝ դա ձայնարկություն է, որն արտահայտում է թե՛ ափսոսանք, թե՛ ողբերգություն…
«Նախ ասեմ, որ այս գիրքն իմ հոր հետ է կապված. սա ինձ համար սուգի տարբեր էտապներում արտաբերվող ձայնարկություն է: Սուգն ու կորուստը շատ ծանր զգացումներ են, ու մտածում էի՝ կյանք կկարողանամ վերադառնալ միայն այն դեպքում, երբ կարողանամ մահը հասկանալ», - նշեց նա:
Գրքի հայերեն թարգմանությունն իրականացվել է 7 թարգմանչի, գեղարվեստական թարգմանության հրավիրյալ մասնագետ-տեսաբանների, երկու խմբագրերի և հեղինակի անմիջական մասնակցությամբ:
«Մենք գիտենք, որ այսօր աշխարհում բազմաթիվ մրցանակներ են շնորհվում, բայց մրցանակակիրները միշտ չէ, որ շատ արժանի են դրանց: Այս մրցանակը շատ ճիշտ հասցեով է գտել իր տիրոջը, որովհետև շատ հետաքրքիր աշխատանք է: Ես անպայման ուզեցի իմ մասնակցությունը բերել, որովհետև այս գիրքը ժամանակակից գրական դաշտ է բերում նորամուծություններ, որոնք կարող են օգտակար լինել ներկայիս հայ գրողների, հատկապես՝ երիտասարդների համար: Այս վեպ-պատմվածաշարում ամեն անգամ գործ ունենք տարբեր գլխավոր հերոսուհիների հետ, ովքեր դեպքերը, իրադարձությունները նկարագրում են նոր տեսանկյունից, և ոչ թե մշտապես նույն տեսանկյունից ու նույն հայացքով», - ընդգծեց հանդիպմանը ներկա թարգմանության խմբագիր Զավեն Բոյաջյանը:
Երևանյան երեք օրերի ընթացքում Բիրգյուլ Օղուզի ծրագրերի մեջ է մտնում նաև Մատենադարան այցելությունը, որտեղ ցանկանում է ծանոթանալ հայ գրականության ժառանգությանը: