19/12/2017 14:02
2017-ի ընթացքում Հայաստան է այցելել 1 172 402 զբոսաշրջիկ՝ ապահովելով նախորդ տարվա համեմատ 21% աճ. Զարմինե Զեյթունցյան
2017թ.-ի 9 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 1 մլն 172402 զբոսաշրջիկ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով տարվա արդյունքներն՝ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
«Այսպիսով, մենք նախորդ տարվա համեմատ արձանագրել ենք մոտ զբոսաշրջիկների այցելությունների 21% աճ», - ասաց Զ. Զեյթունցյանն՝ ընդգծելով.
«Սա մեզ համար գոհացուցիչ արդյունք է, սակայն բավարար չէ, քանի որ այս պահին ընդունակ ենք շատ ավելի զբոսաշրջիկներ ընունել»:
Զարմինե Զեյթունցյանի խոսքով՝ քանակական առումով զբոսաշրջիկների մեծ մասը Հայաստան են եկել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից և Ուկրաինայից:
Իսկ այցելությունների տոկոսային աճի առումով առաջատար է Հնդկաստանը:
«Պետք է նշել, որ զբոսաշրջիկների թվի աճին նպաստել է ինչպես մի շարք երկրների հետ վիզաների դյուրացումն, այնպես էլ սահմանային անցման կետերի դյուրացումը, մեր վարած քաղաքականությունը, մասնավոր-պետական համագործակցությունը և մի շարք այլ գործոններ», - ասաց Զարմինե Զեյթունցյանը:
Նրա խոսքով՝ 2017թ.-ի ընթացքում Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղվել է 200 հազար դոլար, իսկ 2018թ. պետբյուջեով տրամադրվող ֆինանսավորումը կրկնապատկվել է՝ հասնելով 400 հազար դոլարի: