19/12/2017 23:09
Հայաստանը Ղրիմի վերաբերյալ Ուկրաինայի բանաձևին դեմ է քվեարկել
ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը ընդունել է Ղրիմում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ Ուկրաինայի բանաձևը: Քվեարկությունը տեղի է ունեցել երեքշաբթի, փոխանցում է РИА Новости-ն:
Ուկրաինայի կողմից պատրաստված բանաձևի նախագիծը ընդունվել էր նոյեմբերի կեսին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի Սոցիալական, հումանիտար և մշակութային հարցերով հանձնաժողովում: Փաստաթուղթը փոփոխվել էր Գլխավոր վեհաժողովի ընթացիկ 72-րդ նստաշրջանի լիագումար նիստում: Փաստաթղթում Ռուսաստանին «հորդորում են» հետևել 12 առաջարկություններին, «անմիջապես վերջ դնել Ղրիմի բնակիչների նկատմամբ բոլոր խախտումներին և մարդու իրավունքների ոտնահարումներին»:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության ժամանակ բանաձևի օգտին քվեարկել է 70 պետություն, դեմ 26, ձեռնպահ 76: Ուկրաինայի նախաձեռնությանն աջակցողների մեծ մասը` եվրոպական երկրներն են, ԱՄՆ-ն, Վրաստանը:
Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Սերբիան, Հայաստանը, Բելառուսը, Կուբան, Իրանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, Հարավային Աֆրիկան և այլն:
Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի շատ երկրներ (Եգիպտոս, Միացյալ Արաբական Էմիրություններ, Օման), նաև Լատինական Ամերիկան (Բրազիլիա, Սալվադոր, Չիլի) ձեռնպահ են մնացել: