19/12/2017 11:52
«Ֆլումինենսեն» և «Ալաշկերտը» հնարավոր է ֆուտբոլային ակումբ հիմնեն Հայաստանում
Ռիո դե Ժանեյրոյում գտնվող «Ալաշկերտի» ղեկավարությունը հանդիպել է բրազիլական հեղինակավոր ակումբի` Ա Սերիայում հանդես եկող «Ֆլումինենսեի» ղեկավարության հետ:
«Ալաշկերտի» հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանը և սպորտային տնօրեն Կիմ Առաքելյանը ծանոթացել են բրազիլական ակումբի ենթակառուցվածքներին և հարուստ պատմությանը, եղել ակումբի թանգարանում և մարզադաշտում, ապա հանդիպել «Ֆլումինենսեի» փոխնախագահ, ակումբի ֆուտբոլային նախագծերի համակարգող Մարսել Ջանեկինիի հետ:
Հանդիպման ընթացքում երկու ակումբների ղեկավարները մանրամասն քննարկել են համագործակցության կետերը և համաձայնության եկել համատեղ ծրագրերի շուրջ: Սպասվում է, որ արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտին» վարձակալական հիմունքներով կմիանան երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստներ «Ֆլումինենսեից»:
Համագործակցության շրջանակում նախատեսված է նաև փորձի փոխանակում երկու ակումբների ներկայացուցիչների միջև և «Ալաշկերտի» մարզիչների վերապատրաստում Բրազիլիայում:
Բրազիլիայում ուսումնամարզական հավաք անցկացնելու դեպքում «Ալաշկերտը» ստուգողական հանդիպումներ կանցկացնի ինչպես «Ֆլումինենսեի», այնպես էլ` «Բոտաֆոգոյի» հետ, որի հետ ավելի վաղ մեր ակումբի ղեկավարոթյունը համաձայնության էր եկել համագործակցության վերաբերյալ:
Չի բացառվում, որ ապագայում «Ֆլումինենսեն» և «Ալաշկերտը» համատեղ ջանքերով ֆուտբոլային ակումբ հիմնեն Հայաստանում: Նմանատիպ փորձ բրազիլական ակումբն արդեն ունի, քանի որ այդպիսի նախագիծ է իրագործում Սլովակիայում: