19/12/2017 20:02
Բաքուն հետ է կանգնել բազմաթիվ պայմանավորվածություններից, և, որպես բանակցային կողմ, հարցականի տակ է դնում իր վստահելիությունը. Նալբանդյան
ԼՂ կարգավորման ուղղությամբ առաջընթացի բացակայությունը պայմանավորված է բանակցային գործընթացում Ադրբեջանի ցուցաբերած անզիջողական և առավելապաշտական դիրքորոշմամբ, հունական «Էթնոս» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Նախորդ շաբաթ ԵԱՀԿ նախարարական խորհրդում իմ ելույթի մեջ ես մանրամասն թվարկել եմ ինը պատճառներ, թե ինչու մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել խաղաղ բանակցային գործընթացում՝ չնայած նախագահական և նախարարական մակարդակներով բազմաթիվ հանդիպումներին, բանակցությունների բազմաթիվ փուլերին, համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ անխոնջ միջնորդությանը, ԵԱՀԿ-ի և այլ կառույցների կողմից համանախագահների ջանքերին և մոտեցումներին ցուցաբերված աներկբա աջակցությանը»,- ասել է ՀՀ արտգործնախարարը` շարունակելով.
«Կարճ ասած, կարգավորման ուղղությամբ առաջընթացի բացակայությունը պայմանավորված է բանակցային գործընթացում Ադրբեջանի ցուցաբերած անզիջողական և առավելապաշտական դիրքորոշմամբ, Բաքվի մերժմամբ իրականացնելու այն, ինչն ընդգծվել և ինչի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում, Ժնևում՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին երեք գագաթաժողովներում, մասնավորապես, հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման, զինադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման, հակամարտության գոտում մշտադիտարկման կարողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման վերաբերյալ»:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է` Ադրբեջանը հետքայլ է կատարել և մերժել վերահաստատել իր հանձնառությունը այն սկզբունքներին և տարրերին, որոնք առաջարկվել էին Մինսկի խմբի համանախագահների կողմից`որպես հակամարտության կարգավորման հիմք:
«Բաքուն հետ է կանգնել բազմաթիվ այլ պայմանավորվածություններից, և այդ օրինակները իրավամբ հարցականի տակ են դնում Ադրբեջանի՝ որպես բանակցային կողմ վստահելիությունը: Միևնույն ժամանակ, Բաքուն շարունակում է շփման գծում հրադադարի խախտումները և սադրանքները: 2016 թ. ապրիլին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիա սանձազերծեց, որն ուղեկցվց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց և տարեցների նկատմամբ դաժանություններով, մարմինների խեղումներով, ԴԱԻՇ-ի ոճի գլխատումներով»,- հունական թերթին ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշել է`այն, ինչ առաջարկվել է համանախագահների կողմից և ինչին սատարում է Հայաստանը, մերժվում է Ադրբեջանի կողմից.
«Սա է խաղաղ գործընթացի առաջխաղացումը խոչընդոտող հիմնական պատճառը»:
Էդվարդ Նալբանդյանը ևս մեկ վերահաստատել է Հայաստանի հաստատակամ հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնված համանախագահների առաջարկների վրա:
«Բանակցային գործընթացն այլընտրանք չունի: Եթե Բաքուն հետևի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին և կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, ապա դա ճանապարհ կհարթի խաղաղության գործընթացն առաջ մղելու համար»,- ամփոփել է Էդվարդ Նալբանդյանը: