19/12/2017 16:07
Զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է մոտ 700-800 դոլար. Զարմինե Զեյթունցյան
2016-ին Հայաստանի պետբյուջե զբոսաշրջությունից եկած եկամուտը կազմել է մոտ 1 մլրդ դոլար, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
«Զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է մոտավորապես 700-800 դոլար: Մենք չենք կարող ասել` այդ գումարն այսօր ավելացե՞լ է, թե՞ պակասել, բայց կարող եմ ասել, որ 2016թ.-ին եկամուտը, որը զբոսաշրջությունից եկել է Հայաստան, կազմել է մոտ 1 մլրդ դոլար», - ասաց Զարմինե Զեյթունցյանը:
Նրա խոսքով` 2017-ի այս տվյալները դեռևս հաշվարկված չեն, բայց, հաշվի առնելով, որ այս տարի գրանցվել է զբոսաշրջիկների թվի 21 տոկոս աճ, կաճի նաև եկամուտը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017թ.-ի ընթացքում Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղվել է 200 հազար դոլար, իսկ 2018թ. պետբյուջեով տրամադրվող ֆինանսավորումը կրկնապատկվել է՝ հասնելով 400 հազար դոլարի: