19/12/2017 15:01
Ժամանակն է ներդրումներ կատարել ոչ թե սնունդի ու հագուստի, այլ՝ գիտելիքի տեսքով. Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը նպաստում է արտագաղթի կանխարգելմանը
Աղետի գոտուց դանդաղ քայլերով իր նախկին զարգացվածությանը վերադարձող Գյումրին նկատելի քայլեր է անում նաև տեխնոլոգիաների ոլորտում: ՀՀ առաջին համալսարանի շենքում տեղակայված Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն իր դռները բացել է 2014 թվականին, թեև Գյումրիում սկսել է գործել դեռևս 2005 թվականից:
«2005 թվականին, երբ ոչ-ոք չէր հավատում, որ Գյումրիում կարող են տեխնոլոգիաները զարգանալ, եկան բարերարներ ու շփվելով երիտասարդների հետ՝ հասկացան՝ ժամանակն է եկել ներդրումներ կատարել ոչ թե սնունդի ու հագուստի, այլ՝ գիտելիքի տեսքով: Վերադառնալով Նյու Յորք՝ Հայ օգնության ֆոնդին են ներկայացնում ծրագիր, որը հավանության է արժանանում: Այն ժամանակ ինժեներական ոլորտի դասընթացներ էինք անում՝ միկրոսխեմաների ձևավորում», - լրագրողների հետ կենտրոնում կատարած շրջայցի ընթացքում պատմեց Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն, բիզնես մենեջեր Ամալյա Եղոյանը:
Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում այսօր ընդգրկված են 27 ընկերություններ: Կենտրոնի ուսումնական ծրագիրը բաղկացած է այն թեմաներից, որոնց կարիքն ունեն գործատուները:
«Մենք մեր ուսանողներին երբեք չենք ասում, թե իրենց աշխատանքի ենք տեղավորելու, դա սխալ մեթոդ կլինի: Բայց բոլորս էլ գիտենք., որ այս ոլորտում թափուր աշխատատեղերը միշտ էլ առկա են: Մենք էլ ստեղծում ենք նպաստավոր պայմաններ և համապատասխան ընկերությունների մուտք, որտեղ կարող են աշխատել: Դեռ այն ժամանակ ամեն ինչ անում էինք, որ երիտասարդներն այս քաղաքից չարտագաղթեին. ի սկզբանե պայմանագիր էինք կնքում, որ ավարտելուց հետո պետք է աշխատեին Գյումրիում: Մինչ այսօր էլ դա մեր ծրագրի նպատակն է», - նշեց տնօրենը:
ԳՏՏԿ-ի գլխավոր 3 սկզբունքներն են. ուղղորդված կրթություն, գիտելիքներ՝ գործատուի պահանջով: Խրախուսում մեծ ընկերություններին, որպեսզի իրենց մասնաճյուղերը բացեն Գյումրիում: Եվ երրորդ՝ աջակցեն, որպեսզի հենց ներսում սկսնակ ընկերություններ ձևավորվեն:
Ի դեպ, շրջայցի ընթացքում մեզ հանդիպած դասախոսներից մեկը հենց այս կենտրոնի նախկին սան էր, ով, 4 տարի առաջ ավարտելով ուսումը, մեկնել էր Երևան, աշխատել ճանաչված ընկերություններում՝ բարձր աշխատավարձով: Սակայն որոշ ժամանակ անց վերադարձել է Գյումրի ու հիմա բացի դասավանդելուց՝ հիմնում է իր սեփական ընկերությունը:
«Մենք արդեն 3-4 շրջանավարտ ունենք, ովքեր վերադարձել են Գյումրի, դասավանդում են մեր կենտրոնում, նաև՝ իրենց սեփական բիզնեսն են ստեղծել: Ասեմ, որ մինչև 2014 թվականը, մեր սաների 70 տոկոսը գնում էր Երևան, և միայն 30 տոկոսն էր աշխատում Գյումրիի ընկերություններում: 2014 թվականից, երբ արդեն Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը կառուցվեց և ընկերությունները եկան, հակառակ պատկերը ստացանք՝ տարվա կտրվածքով շրջանավարտների 80 տոկոսն աշխատում է Գյումրիում, 20 տոկոսը գնում է Երևան: Սովորաբար, գնացողները ի սկզբանե դրան են միտված լինում: Մենք որքան էլ առաջարկ ունենանք իրենց այստեղ, միևնույն է, գնալու բազմաթիվ պատճառներ կգտնեն: Ամեն դեպքում, մենք նպաստում ենք հենց խելացի երեխաների արտագաղթի կանխմանը, նաև՝ աշխատատեղերի ստեղծմանը: Երկուսն էլ Գյումրիի ցավոտ կողմերից են», - ընդգծեց մեր զրուցակիցը:
«Շիրակի մարզի հզորացումը տեխնոլոգիական կրթության միջոցով» ծրագրի շրջանակներում Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում անվճար հիմունքներով կարող են երկամյա դասընթացին մասնակցել 17-ից 35 տարեկան այն երիտասարադները, ովքեր որևէ ԲՈՒՀ-ի ուսանող են, կամ գործազրուրկ շրջանավարտ: Դիմողներից շուրջ 60 տոկոսը հետագայում աշխատանքի է տեղավորվում: Այստեղ կարելի է ոտք դնել ծրագրավորման մասին զրոյական գիտելիքներով, սակայն նախապատվությունը տրվում է տրամաբանող երեխաներին:
«Մենք առաջարկում ենք նաև անհատական ծրագրավորման դասընթացներ՝ անկախ տարիքից ու սեռից: Խմբում լինում են 3-4 հոգի, ոլորտն ընտրում են իրենք… Մինչ այս պահը, ընդհանուր շուրջ 2000 շրջանավարտ ենք ունեցել, ներկայումս ուսանողների թիվը մոտ 500-ն է, իսկ ոլորտով հետաքրքրվողները 5000-ից ավելին են: 2005 թվականից մինչ այսօր էլ երկամյա ուսաումնական ծրագրի շրջանակներում ունենք 300-ից ավել հաջողված շրջանավարտ, ովքեր աշխատանքով ապահովված են», - նկատեց Ամալյա Եղոյանը:
Կառույցը համագործակցում է նաև արտերկրի կազմակերպությունների հետ. պատվեր են ստացել Համաշխարհային բանկի Վաշինգտոնի գրասենյակից, իսպանական ընկերությունից…
«Տեխնոպարկը մի միջավայր է, որը հնարավորություններ է ստեղծում՝ տեխնոլոգիական ոլորտի ընկերություններին աշխատել Գյումրիում: Իսկ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն այդ միջավարի մի մասնիկն է», - եզրափակեց գործադիր տնօրենը:
Նյութը պատրաստվել է «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակում՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ: