19/12/2017 19:14
38 տարին, կարծես, հեռախոսի վատ համար լինի, որը ոչ մի կերպ չի մտաբերվում. Սարգիս Գրիգորյանը՝ ծննդյան անակնկալների և ամենահիշվող տարեդարձի մասին
Դերասան Սարգիս Գրիգորյանն այսօր նշում է ծննդյան 38-ամյակը: Aysor.am-ի հետ զրույցում հոբելյարը խոստովանեց՝ տոնական իր օրը սկսել է տանը՝ ընտանեկան միջավայրում, երեկոն էլ կանցկացնի ոչ միայն ընտանիքի, այլև ընկերների հետ՝ Երևանի գեղեցիկ վայրերից մեկում:
«Կեսգիշերին կինս շնորհավորեց ու ինձ նվիրեց մի իր, որի անհրաժեշտությունն ունեի: Առավոտյան էլ երեխաներս իրենց երգերով ու շնորհավորանքներով ինձ արթնացրեցին: Լիդուշիկի երգանցանկից էին ընտրել: Կեսօրին գնացինք ու ֆոտոսեսիա արեցինք: Իսկ այ երեկոն կնշեմ մտերիմ ընկերներիս ու հարազատներիս հետ… Գիտեք, ես ընդհանրապես ինձ լավ եմ զգում տանը, բայց ստիպված ենք ենթարկվել ժամանակի կանոններին. փոխվել է ապրելակերպը, արագությունը, ռիթմը, ու քանի որ հյուրերն էլ քիչ չեն, ռեստորանում նշելն առավել նպատակահարմար է դառնում», - մեզ հետ զրույցում նշեց դերասանը:
Անդրադառնալով կնոջ՝ դերասանուհի Մանո Գրիգորյանի անակնկալին՝ հոբելյարը ժպիտով ասաց.
«Մենք արդեն նույնիսկ չենք կարողանում միմյանց տոնական անակնկալ մատուցել, քանի որ մեկ բառից կռահում ենք դիմացինի նպատակը: Ինչպես ասում են, դարձել ենք մեկ մարմին: Մենք իրար ուրախացնում և անակնկալներ ենք անում տարին 12 ամիս, իմ ծնունդը մնացած օրերից չի տարբերվում, ամեն օրն էլ տոն է: Այս տարի Մանոն ինձ հեռախոսի հետ միացող ժամացույց է նվիրել, որը կենսական նշանակության անհրաժեշտություն է այն առումով, որ թույլ չի տա այսուհետ հեռախոսն ինձ շեղի ղեկին և այլ կարևոր վայրերում»:
Դերասանն ավելորդ համեստություն չի անում և ընդգծում է՝ նյութական ոչ մի բանի կարիք չունի, անձնական բոլոր երազանքները կատարվել են… Միակ ցանկությունն ու երազանքն այն է, որ հայ ժողովուրդը լավ ապրի:
«Ես քչով բավարարվող մարդ եմ. Փառք Աստծո, ամեն ինչ ունեմ՝ և երեխաներ, և՛ ընտանիք, և՛ կարողանում եմ իմ ընտանիքին հրաշալի պահել: Հեչ պարտադիր չի, որ գնամ Բադեն-Բադեն, որ ինձ լավ զգամ: Միայն ուզում եմ, որ իմ հարևանները, ընկերներն ու հարազատները նույնպես լավ ապրեն: Դրանից կախված է իմ տրամադրությունը: Երբ ժպտալով մտնում ես մի տեղ, որտեղ հավաքվածների 80 տոկոսը տխուր է, տրամադրությանդ վրա ազդում է», - նկատեց նա:
Երեք դուստրերի հայրը դեմ չէ իր ազգանունը շարունակող ունենալ, թեև դա նրա համար գերնպատակ չէ: Կլինի այն, ինչ կանխորոշված է ճակատագրով:
«Մարդ արարածն Աստծուց ամեն ինչ վերցրել է, նույնիսկ երեխա ունենալուց են հաշվարկում՝ երբ աղջիկ կլինի, երբ՝ տղա: Գոնե ես որոշել եմ այդ կարևոր հարցն ու դրա նման շատ բաներ թողնել Աստծո հույսին: Նա ինչպես կկամենա. կլինի՝ շնորհակալ կլինեմ, չի լինի՝ շնորհակալ լինելս դրանից չի պակասի: Ինձ մոտ այդ ցանկությունը հիվանդագին չի: Ուղղակի կարծում եմ՝ երեք աղջիկներից հետո արժի մի քիչ աղոթել ու մտածել որդի ունենալու շուրջ», - ծիծաղելով խոստովանեց նա:
Սարգիսի համար տարեդարձներն իր իսկ կյանքի հաշվետվություններն են. գլխավոր «հաշվետվությունը» 30-ամյակի «հաշվետվությունն» էր:
«Այդ տարի առաջին անգամ իմ սեփական փողերով մեծ ծնունդ արեցի ռեստորանում՝ մի հարկի տակ հավաքելով իմ բոլոր հարազատներին ու ընկերներին: Նման միջոցառումները հաշտեցնում են նեղացած հարազատներին, բարի են… Դա նաև մայրիկիս ներկայությամբ իմ վերջին ծնունդն էր, հաջորդ տարի նա, ցավոք, այլևս մեր կողքին չէր: Ամեն ինչ արեցի, որ մայրս էլ տեսնի՝ կայացած եմ: Կարծում եմ՝ ժամանակն է ևս մեկ նման միջոցառում կազմակերպելու, բայց ոչ հաստատ այս տարի: 38 տարին, կարծես, վատ հեռախոսի համար լինի, որը ոչ մի կերպ չի մտաբերվում», - Aysor.am-ի հետ զրույցը կատակով ավարտեց Սարգիս Գրիգորյանը: