20/12/2017 11:56
Իրարանցում՝ Ազգային ժողովում. Սահմանադրական օրենքը ընդունվեց աղմուկ-աղաղակով (Տեսանյութ)
Այսօր առավոտյան Ազգային ժողովում, երբ ընթանում էին քվեարկությունները, Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ խորհրդարանում իրարանցում առաջացավ։ Օրինագծի փոփոխություններին դեմ էին ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները, և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ արեց «Ծառուկյան» խմբակցությանը չմասնակցել քվեարկությանը։
Նկատենք, որ «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Սահմանադրական օրենք է համարվում, այսինքն՝ կատարված փոփոխությունները բխում են ՀՀ Սահմանադրությունից և այս օրենքի քվեարկության համար անհրաժեշտ է պատգամավորների 1/3-րդի ձայները:
Քվեարկությունից հետո ցուցատախտակին երևաց, որ օրինագծին կողմ է քվեարկել 63 պատգամավոր, սակայն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրականում պակաս է քվեարկած պատգամավորների քանակը՝ Ծառուկյան խմբակցությունից Նապոլեոն Ազիզյանը դեմ է, սակայն նրա փոխարեն կողմ է քվեարկված, Արփինե Հովհաննիսյանը Հայաստանում չէ, սակայն նա առանց ստորագրության նամակ է ստացվել, որ կողմ է օրինագծին։ Բացի այդ, Հանրապետական խմբակցությունից Ռուստամ Մախմուդյանի քվեարկության կոճակը չէր աշխատել, քվեարկել էր, բայց ցուցատախտակին չէր երևում նրա «կողմ»-ը, ու նիստը վարող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ նրա քվեարկությունը հաշվվում է։ Արդյունքում ստացվեց 63 կողմ։
«Այս պահին որևէ մեկը չի հայտարարել, որ սխալմամբ կողմ է քվեարկել, և այդ առումով օրինագիծը ընդունվել է։ Օրինագծին կողմ է քվեարկել 63 պատգամավոր», - հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
«Էլեկտրոնային համակարգ է գործում և դա ցույց է տալիս, որ որոշումը չի ընդունվել», - իր հերթին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա հորդորեց ԱԺ նախագահի կազմակերպել վերաքվեարկություն, սակայն խնդրանքը չընդունվեց։
ԱԺ նիստերի դահլիճում մեծ աղմուկ առաջացավ միմյանց չհասկանալու հետևանքով, և Ելք խմբակցության պատգամավորները սկսեցին բռունցքներով հարվածել սեղաններին, այնուհետև Ելք-ի և Ծառուկյան խմբակցության պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը։