20/12/2017 14:21
Ազգային ժողովում ծեծել են Սերգեյ Բագրատյանին. Նա անհասանելի է
Այսօր ԱԺ դահլիճում տեղի ունեցած իրարանցումից հետո միջադեպ է տեղի ունեցել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում: Այստեղ միմյանց են ծեծել «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներ Արթուր Մանուկյանը և Սերգեյ Բագրատյանը:
Նշենք՝ Դավիթ Մանուկյանը Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է։
ԱԺ նիստերի դահլիճում Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկությունից հետո, երբ տարաձայնություններ էին առաջացել ընդդիմադիր խմբակցության և ԱԺ նիստը վարողների միջև, «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հայհոյել է Նապոլեոն Ազիզյանին, որը կողմ է քվեարկել նախագծին։
Բագրատյանի այդ քայլը դուր չի եկել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդուն՝ նույն խմբակցության անդամ Արթուր Մանուկյանին, որն սկսել է հայհոյել Բագրատյանին՝ ասելով որ Ազիզյանը իր հոր ընկերն է:
Պատգամավորների միջև վիճաբանությունը շարունակվել է Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում, որտեղ արդեն պատգամավորները սկսել են ծեծել իրար: Մի քանի պատգամավորներ, ովքեր ներկա են եղել ծեծկռտուքին, մի քանի րոպե շարունակ չեն կարողացել բաժանել միմյանց ծեծող պատգամավորներին։
Aysor.am-ի թղթակիցը ԱԺ-ից փոխանցում, որ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանի շենքում չէ, ԲՀԿ-ական պատգամավորները ևս խորհրդարանի շենքում չեն ու չեն պատասխանում հեռախոսազանգերին։