20/12/2017 12:36
Խորհրդարանում օրինախախտում չի եղել. Շարմազանով (Տեսանյութ)
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կարծում, թե այսօր առավոտյան Ազգային ժողովում Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ անօրինականություն է կատարվել։
«Օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն ու առանց որևէ կեղծիքի», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նա տեղեկացրեց, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը նիստի ժամանակ որևէ ձայն չի խնդրել և չի ասել, որ ինքը սխալ է քվեարկել կամ որևէ խնդիր կա։
«Հետևությունը հետևյալն է՝ քվեարկությունը եղել է օրինական, որովհետև եղել է 62 ձայն, իսկ վարման կարգի վերաբերյալ որևէ մեկը չի հայտարարել, թե Նապոլեոն Ազիզյանը չի քվեարկել։ Կա օրենք՝ եթե դու քո քվեարկության հետ ունես խնդիր, ձեռք ես բարձրացնում ու վարման կարգով խոսում ես։ «Ծառուկյան» դաշինքից որևէ պատգամավոր վարման կարգով ձայն չի խնդրել», - հավելեց Շարմազանովը։
Հարցին, թե ինչո՞ւ չկատարվեց պատգամավորների առաջարկը և վերաքվեարկություն չկատարավեց, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ դրա կարիքը չկար։
««Ելք» խմբակցությունը չէր մասնակցել քվեարկությանը, հետևաբար կարիք չկար նայել իրենց քվեարկության արդյունքը, պարոն Մախմուդյանը չէր քվեարկել, հայտարարել էր, իսկ «Ծառուկյան» դաշինքը չէր քվեարկել, միայն քվեարկել էր Նապոլեոն Ազիզյանը, իսկ նրանցից որևէ պահանջ կրկնել քվեարկությունը, վարան կարգով խոսել, չի եղել։ ԱԺ նախագահությունը հարցը վերաքվեարկության դնում է այն դեպքում, երբ որևէ պատգամավոր սխալմունք է կատարել և այդ մասին հայտարարում է վարման կարգով։ Այս դեպքում հայտարարություն չի եղել», - ներկայացրեց ԱԺ փոխնախագահը։
Լրագրողը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ «Ծառուկյան» դաշինքում դիտավորյալ են այս քայլին դիմել, ինչին Շարմազանովը պատասխանեց, որ այլ խմբակցության որոշումների մասին չի կարող տեսակետ հայտնել։