20/12/2017 15:30
Ես ոչ մերոնց խաղալիքն եմ, ոչ «Ելք»-ի, ոնց ուզենամ կքվեարկեմ. Նապոլեոն Ազիզյան
Ես ոչ մեկի խաղալիքը չեմ, ամեն մարդ ինքը գիտի՝ ոնց քվեարկի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը՝ անդրադառնալով այսօր Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ խորհրդարանում առաջացած իրարանցմանը։
«Ես գնացի քարտուղարությանը տեղյակ պահեցի, որ չէի քվեարկել, ձեռս ուղղակի կպավ։ Ասեցին՝ գնա հայտարարություն արա, որ չես քվեարկել, մինչև եկա, էդ թեման փակեցին, պրծավ», - ասաց նա։
Ճշտող հարցին, թե ինչպե՞ս է կպել կոճակին, որ վերջինս արձանագրել է դեմ քվեարկություն՝ Ազիզյանն ասաց. «Լուռ ծիծաղալով, էլ ո՞նց կպա։ Ես ոչ մերոնց խաղալիքն եմ, ոչ «Ելք»-իի», ոնց ուզենամ կքվեարկեմ, տենց էլ կասեմ։ Ես քվեարկությունից հետո տեսա աժիոտաժը, գնացի քարտուղարություն, մինչև եկա հայտարարություն անելու, բանը բանից անցավ։ Հիմա էլ եսիմ ինչ են դարձրել», - նկատեց պատգամավորը։
Դիտարկմանը, թե չի համարում, որ օրենքը անօրինական է ընդունվել՝ Ազիզյանն ասաց, որ համաձայն չէ այդ դիտարկման հետ, քանի որ «Ծառուկյան» դաշինքը այսօր առավոտյան ֆրակցիայիում որոշել է կողմ քվեարկել։
Հարցին՝ հիմա ինքը ընդդիմությո՞ւն է, թե՞ իշխանություն, Ազիզյանն ասաց.
«Ես իմ խառվածքով ընդդիմություն եմ միշտ, բոլոր ժամանակներում, բայց ես ընենց ընդդիմություն չեմ, որ սև ակնոցներ դնեմ, լավին էլ ասեմ վատ, վատին էլ ասեմ վատ։ Առավոտ ֆրակցիայում ասել են, որ մենք այդ օրենսդրական նախաձեռնությանը կողմ ենք քվեարկելու»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան խորհրդարանում քվեարկության դրված Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ խորհրդարանում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ արեց «Ծառուկյան» խմբակցությանը միասին չմասնակցել քվեարկությանը, մինչդեռ քվեարկության ժամանակ Նապոլեոն Ազիզյանի կոճակը ցույց էր տվել կողմ քվերարկություն, ինչը պատգամավորի խոսքով, տեխնիկական վրիպում է եղել։ Քվեարկության ժամանակ պատգամավորի ձայնը հաշվի էր առնվել։