20/12/2017 13:29
Այսօր ԱԺ-ում ստեղծված շփոթն առաջացել է Արա Բաբլոյանի հայտարարությունից (Տեսանյութ)
Այսօր առավոտյան Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ ԱԺ դահլիճում առաջացել է շփոթ և քվեարկության դրված նախագիծը Սահմանադրական օրենքի նախագիծ չի եղել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
«Գործող Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելը Սահմանադրական օրենք չէ։ Սահմանադրական օրենք է այն դատական օրենսգրքի նախագիծը, որը ես այսօր ներկայացրել եմ, որովհետև այն նախագիծը, որ ես այսօր ներկայացրել եմ, անդրադարձ է կատարում Սահմանադրությամբ նախատեսված հարցերին ևս», - պարզաբանեց Դավիթ Հարությունյանը։
Դիտարկմանը, թե շփոթն առաջացրել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, երբ հայտարարեց, որ քվեարկության է դրվում Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը Սահմանադրական օրենք է, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ շփոթն այդտեղից է գալիս, քանի որ քվեարկության դրված նախագիծը Սահմանադրական օրենք չէ և 63 ձայնի պահանջ չկա»։
Նկատենք, որ այսօր առավոտյան քվեարկության դրվեցին երեկ քննարկված հարցերը, իսկ երեկ քննարկվել էր Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունները։ Մինչդեռ Սահմանադրական օրենք համարվող Դատական նոր օրենսգրքի նախագիծը այսօր ԱԺ-ին ներկայացվեց առաջին անգամ, կատարվածից ավելի ուշ։ Ստացվում է՝ պատգամավորները տեղյակ չեն, թե ինչ օրինագիծ է խորհրդարանում ներկայացվում, քննարկվում, քվեարկվում։