20/12/2017 16:23
Հայկական ավանդույթով, դհոլ-զուռնայով, քավորով եկել, իմ աղջկան իմ տնից տարել են. Ռազմիկ Մանսուրյան (Լուսանկարներ)
Արդեն շուրջ 20 տարի ԱՄՆ-ում բնակվող դերասան, երգիչ Ռազմիկ Մանսուրյանն օրերս ամուսնացրեց իր ավագ դստերը՝ Երանուհուն, պսակադրության արարողությունը տեղի է ունեցել հայ առաքելական եկեղեցում, հարսին էլ հայրական տանից տարել են հայկական սովորույթին համապատասխան՝ զուռնա-դհոլով: Նորապսակներն արդեն մեկնել են 10-օրյա ամուսնական ճանապարհորդության՝ Դոմինիկյան Հանրապետություն:
Դերասանի երկու դուստրերն էլ ծնվել են ԱՄՆ-ում ու դեռևս Հայաստանում չեն եղել, սակայն դա չի խանգարել, որ ոչ միայն անթերի տիրապետեն մայրենիին, այլև՝ հայկական ավանդույթների հետևորդներն ու կրողները լինեն: Ռ. Մանսուրյանը նկատում է՝ ինքը Քրիստոսի տարիքից (33 տարեկան՝ հեղ.) ԱՄՆ-ում է ապրում, բայց իր հետ Հայաստանից տարել է այն ամենն, ինչը սովորել է ծնողներից:
«Փեսաս՝ Արտյոմը, բնականաբար, ազգությամբ հայ է, մասնագիտությամբ տնտեսագետ է, ուսում է ստացել Հայաստանում: Հայկական ավանդույթով, դհոլ-զուռնայով, քավորով եկել, իմ աղջկան իմ տնից տարել են: Այո՛, իմ աղջիկներն այստեղ են ծնվել, 12 տարի հայկական դպրոց են գնացել: Սովորել են այն, ինչը տեսել են իրենց ընտանիքում: Իրենց շրջապատում մեծամասամբ հայեր են եղել: Կրտսեր դուստրս էլ պատրաստվում է հաջորդ տարի ամուսնանալ, նրա ընտրյալը ևս հայ է», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց դերասանը:
Հյուրերի շարքում են եղել Մանսուրյանների՝ տարբեր երկրներում գտնվող հարազատներն ու մտերիմները, ԱՄՆ-ում բնակվող ընկեր-գործընկերները: Ինչպես մեր զրուցակիցն ընդգծեց՝ այնտեղ բոլորն ասում են՝ տարին փակվեց ամենալավ հարսանիքով: Նկատառմանը՝ արդյոք մտադրություն չի ունեցել դստեր հարսանիքը Հայաստանում կազմակերպելու՝ անկեղծորեն խոստովանեց.
«Գիտեք, չնայած այստեղ էլ ծախսերը քիչ չեն, բայց Հայաստանում նման պսակադրություն անելը շա՜տ թանկ հաճույք է: Ճիշտ է՝ այդտեղ անելու դեպքում հայաստանյան ընկերներս կողքիս կլինեին, բայց մոտ 500 հոգի էլ այստեղից չէին կարող մեզ միանալ: Իմ հյուրերը 420-ն էին, որից երևի 50 հոգին էին ազգականներ: Հայաստանից, Մոսկվայից եկել էին քույրերս, քրոջս տղաները, բարեկամներս ու հարազատներս: Մնացածն իմ 30 տարվա ստեղծած ընկերությունն է, որոնց համար կյանքս ու հոգիս կտամ: Բոլորն էլ գիտեն՝ ես իմ դերասանական կարիերան սկսել եմ «Երջանկության մեխանիկան» ֆիլմով, ու հարսանիքին հրավիրված առաջին հյուրս Ալլա Թումանյանն էր, նաև՝ Լևոն Շարաֆյանը, Ռազմիկ Պապիկյանը, օպերային երգչուհի Էլլադա Չախոյանը, Սուսաննա Մարտիրոսյանը, Ռուբեն Թելունցն ու շատերը: Ես բազմաժանր ընկերություն ունեմ՝ ախպերություն ունեմ, ընկերություն ունեմ, հացի ընկեր ունեմ, արվեստագետ ընկերներ ունեմ, մենեջերներ, պրոդյուսերներ, ռեժիսորներ ու երգիչներ», - մանրամասնեց նա:
Նորապսակներին երգերի տեսքով անակնկալներ են մատուցել երգիչներ Արման Հովհաննիսյանը, Հարութ Փամբուկչյանը, Պապին Պողոսյանը, Արմենչիկը, Տիգրան Ասատրյանը, Ջոնին… Հայկական հարսանիքներին հատուկ խառնաշփոթն այնտեղ էլ մի պահ իրականություն էր դառնալու, սակայն հարսնացուի հայրիկը կարողացավ ելքը գտնել:
«Կնոջս հետ գրեթե մեկ ամիս բոլոր հյուրերի սեղանները նշել էինք, ասել՝ ով որ սեղանի մոտ պետք է նստի, վերջում մեզ անակնկալ արեցին՝ տեղերը խառնեցին: Բայց շնորհիվ իմ ճկունության ու «շուստրիության»՝ ամեն ինչ իր տեղն ընկավ, չհասկացան էլ, թե ինչպես հարթվեց ու ամեն մեկն իր տեղում հայտնվեց», - ծիծաղելով պատմեց մեր զրուցակիցը:
Ի տարբերություն իր կերտած կերպարների՝ Ռազմիկ Մանսուրյանն իրական կյանքում զգացմունքային է, շուտ է հուզվում: Ու հենց նման հուզմունքի պահին դստեր հարսանիքին ամենակարևոր կենացը հենց հայրը խմեց:
«Բոլորին ասացի՝ ես այսօր ոչ միայն ուրախ եմ նրա համար, որ աղջկաս եմ ամուսնացնում, այլ կրկնակի ուրախ եմ, որ տղա եմ ձեռքբերում: Ուզում եմ՝ իրենց ընտանիքը համերաշխ ու երջանիկ լինի, ինձ սիրուն կուկուներ, թոռնիկներ պարգևեն: Նրանց քաղցրությունը մարդը պարտադիր պետք է զգա: Թող իրենց կյանքի նոր փուլը լավ սկսեն: Իմ կինը՝ Լուսինեն, ինձ միշտ թիկունք է եղել, նրան շատ սիրում ու գնահատում եմ: Վստահ եմ՝ աղջիկներս էլ իրենց ամուսիններին են կռնակ լինելու», - ընդգծեց նա:
Ռազմիկ Մանսուրյանը վերջին անգամ Հայաստանում է եղել 2003 թվականին, նպատակ ունի 2018 թվականին կրկին գալ՝ իր 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
«Նպատակ ունեմ 60-ամյակս շատ շքեղ տոնել թե՛ այստեղ, թե՛ Հայաստանում, Աստված կամենա», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց դերասանը: