21/12/2017 13:46
Հանրայինից պարզաբանում են Ավետ Բարսեղյանի արտագաղթելու լուրը
Երեկվանից համացանցում տեղեկություն է տարածվել այն մասին, որ հաղորդավար, ՀՀ մշակույթի Վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանն ընտանիքի հետ արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նման ենթադրության պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ըստ աղբյուրի, օրերս ԱՄՆ-ում տեսել են հաղորդավարին, ով Գլենդելի հայության «աստղային» թաղամասում առանձնատուն գնելու փնտրտուքների մեջ է եղել։
«Նկատենք, որ այդ թաղամասում են ապրում Հայաստանից արտագաղթած հայ աստղերը՝ Արմինկան, Հայկոն, Արման Հովհաննիսյանը, Էմմին և այլք։ Արդյոք երգահանն էլ է պատրաստվում արտագաղթել, սա զարմանք է առաջ բերում, որովհետև Ավետ Բարսեղյանը Հայաստանում ամենաարտոնյալ և մեծ հնարավորություններ ունեցող արտիստների շարքում է, նրա և հանրապետության առաջին տիկնոջ ջերմ հարաբերությունների մասին էլ բոլորը գիտեն», - մասնավորապես նշվել է հրապարակման մեջ:
Լուրի իսկությունը ճշտելու նպատակով չհաջողվեց կապ հաստատել Ավետ Բարսեղյանի հետ: Իսկ Հանրային հեռուստաընկերությունից մեզ հետևյալ պատասխանը տվեցին.
«Ավետ Բարսեղյանի արտագաղթելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այո՛, նա իսկապես այժմ կնոջ հետ գտնվում է ԱՄՆ-ում, սակայն հանգստանալու նպատակով: Տոներից հետո նրանք Հայաստան կվերադառնան», - Aysor.am-ին տեղեկացրեց Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արուսիկ Զաքարյանը: