21/12/2017 17:28
Խորեն Լևոնյանը «Սասնա ծռեր» ներկայացման մեջ հանդես կգա Սասունցի Դավթի կերպարում. Արմեն Էլբակյանի հրավերով դերասանն այլևս սունդուկյանցի է
Դերասան, ՀՀ Վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանն այլևս համալրում է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանական ընտանիքը: Aysor.am-ի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ Ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը՝ ընդգծելով, որ դերասանն իր առաջարկով ու հրավերով է Սունդուկյան թատրոնում:
«Թատերական ինստիտուտում Խորեն Լևոնյանն իմ կուրսն է ավարտել: Կարծում եմ՝ խոստումնալից ու տաղանդավոր դերասան է: Նրան այս թատրոն միանգամից դերով եմ հրավիրել. երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը հաջորդ տարվա համար բեմադրում է «Սասնա ծռեր» ներկայացումը՝ հիմնված «Սասունցի Դավիթ» էպոսի վրա, որտեղ Խորենը կմարմնավորի հենց Դավիթին: Ռեժիսորը շատ գոհ է իմ՝ Խորենին հրավիրելու գաղափարից, գոհ է նրա աշխատանքից», - նշեց Արմեն Էլբակյանը:
Նկատառմանը՝ որպես թատրոնի ղեկավար և ռեժիսոր, խոսե՞լ է Խ. Լևոնյանի հետ, արդյոք թատրոնից նրա հիասթափությունն այսուհետ անցյալում է, պատասխանեց.
«Այդ հարցի պատասխանը միայն նա կարող է Ձեզ տալ: Համենայնդեպս, նա այս թատրոնում աշխատել է, թատերական ընտանիքից է: Նրա պապը մեր հրաշալի արտիստ Խորեն Աբրահամյանն է: Շատ հետաքրքիր դերասան է, և, կարծում եմ, հանդիսատեսի համար նրա լինելիությունն այսօրվա թատրոնում որքան անսպասելի, այնքան էլ հաճելի անակնկալ կլինի»:
«Սասնա ծռեր»-ում հիմնականում զբաղված են Սունդուկյան թատրոնի երիտասարդ դերասանները: Սամսոն Մովսեսյանի առաջարկով այլ թատրոններից հրավիրվել են նաև դերասանուհիներ Լիլի Էլբակյանն ու Սոնա Մաթևոսյանը: Հարցին, թե արդյոք երեք դերասաններն էլ այլևս սունդուկյանցիներ են, թատրոնի գեղարվեստական ղեկավարը նկատեց.
«Նախ ասեմ, որ այսուհետ մենք որդեգրելու ենք մեր ներկայացումներում տարբեր թատրոններից դերասաններ հրավիրելու տարբերակը: Լավագույն ուժերը կմեկտեղվեն: Ըստ իս, թատրոնը մաղի նման է, ժամանակի ընթացքում նաև թատերախումբն է մաղվում՝ ջրի երեսին թողնելով արժանիներին: Ինչ վերաբերում է հրավիրյալ դերասանների՝ Սունդուկյան թատրոնում մշտական «բնակությանը», ապա այժմ այդ կարգավիճակը միայն Խորենին է տրված: Դա ոչ միայն թատրոնի, այլև իրենց որոշելու հարցն է: Թատրոնն ամենօրյա տքնաջան աշխատանք է, մարդիկ ամեն վայրկյան իրենց աշխատանքով ապացուցում են իրենց իսկ կարևորությունը և պետքությունը»: