21/12/2017 11:21
Հնարավորինս սեղմ ժամկետում ավարտել Մեղրիի ազատ տնտեսական գոտու 2-րդ փուլի աշխատանքները. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Մեղրիի ազատ տնտեսական գոտու աշխատանքների երկրորդ փուլին:
«Դեկտեմբերի 15-ին ավարտվեց կառավարության նախաձեռնությամբ ստեղծված Մեղրիի ազատ տնտեսական գոտու աշխատանքների առաջին փուլը և տրվեց ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը», - նշեց վարչապետը:
Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է համակարգված միջոցներ ձեռնարկել համապատախան աշխատանքների երկրորդ փուլը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար:
Վարչապետը տարածքային կառավարման ու զարգացման, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարներին, ՊԵԿ նախագահին, Կադաստրի պետական կոմիտեի նախագահին ու ջրպետկոմի նախագահին հանձնարարեց երկու ամսյա ժամկետում տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործունեության 2-րդ փուլի անհրաժեշտ ենթակառուցվածնքների ապահովման ուղղությամբ:
Կարեն Կարապետյանը ԱԳ ու տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներին հանձնարարեց շարունակել աշխատանքները՝ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով Մեղրիի ազատ տնտեսական գոտու առավելությունների, առևտրային հնարավորությունների, ինչպես նաև բարենպաստ ռեժիմների վերաբերյալ հնարավորինս լայն իրազեկում ապահովելու նպատակով:
Կարեն Կարապետյանը Սուրեն Կարայանին հանձնարարեց աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնել կառավարություն: